Վարորդը հաղթել է ՃՈ-ին բեկանելով վերջինիս թվով 2 որոշումները

Աննա Ալեքսանյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ճանապարհային ոստիկանության 2 որոշումները անվավեր ճանաչելու պահանջի մասին: Հայցվորը ներկայացված հայցադիմումով հայտնել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 12.04.2014 թվականի որոշմամբ` կանգառն արգելված վայրում կանգառ կատարելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության` 5.000 ՀՀ դրամի չափով:

Հայցվորը պնդել է, որ կայացված որոշումը ոչ իրավաչափ է, քանի որ պատասխանողը խախտել է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածները: Մասնավորապես իրավախախտումը տեղի է ունեցել 19.03.2014 թվականին, 27.03.2014 թվականին պատասխանող կողմը կայացրել է որոշում վարչական վարույթը կասեցնելու վերաբերյալ, 27.03.2014 թվականի  գրությունով հարցում է կատարել «Հարությունյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, 12.04.2014 թվականին կայացրել է որոշումը, ինչի հետևանքով խախտվել է վերը նշված նորմերով սահմանված ժամկետները:

ՀՀ վարչական դատարանը վճռել է հայցվոր Աննա Ալեքսանյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության բավարարել և վերոնշված որոշումները անվավեր ճանաչել:

Անդրադառնալով դատական ծախսերի բաշխման հարցին` դատարանը փաստել է, որ այն կազմված է բացառապես հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրքից, որը հայցվորի կողմից նախապես վճարված չէ:  Ըստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի` դատական ծախսերի վճարման պարտականությունը կրում է կողմը, որի դեմ կայացվել է վճիռ (տվյալ դեպքում`  պատասխանողը):

Այսպիսով` դատարանը  ՀՀ Ճանապարհային ոստիկանությունից  հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար նախատեսված և հայցվորի կողմից նախապես չվճարված պետական տուրք:

Հետագայում՝ ՀՀ ՃՈ-ն վերաքննիչ բողոք է ներկայացրել, որպեսզի անվավեր ճանաչվի վարչական դատարանի որոշումը՝ Աննա Ալեքսանյանի հայցը բավարարելու մասին: Վարչական վերաքննիչ դատարանն հայցը մերժել է` որոշումը թողնելով անփոփոխ:

Ազնիվ Սիրադեղյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել