Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող, կալանավորված «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մխիթար Մուշեղյանի պաշտպանությունը ստանձնած Արտակ Գարոյան գործը փոխանցել է այլ պաշտպանի: Նրա պաշտպանությամբ այժմ զբաղվում է փաստաբան Մարինե Ֆարմանյանը:
Իրավաբան.net-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ մի քանի օր է` ինչ ստանձնել է պաշտպանությունը և գործի նյութերին դեռ ամբողջապես չի ծանոթացել. «Մխիթարին տեսել եմ այն ժամանակ, երբ քննիչի միջնորդությամբ կալանքի ժամկետն էր երկարաձգվում: Ինձ կարճ ժամանակ թույլատրեցին նրա հետ զրուցել, դրանից հետո ես արդեն մտել եմ գործընթացի մեջ»:
Պաշտպանը այս պահին աշխատում է կալանքի ժամկետի երկարաձգման միջնորդությունը բողոքարկելու ուղղությամբ: Իսկ մեր այն հարցին, թե ինչպե՞ս կգնահատի գործով առանցքային վկա Աննայի և իր պաշտպանյալի տված հարցազրույցները, ասաց. «Դեռևս չեմ ուսումնասիրել այդ հարցազրույցները, չեմ կարող կարծիք հայտնել: Բայց ասեմ, որ այն հայտարարությունները ինչ արել են, նախաքննական գաղտնիքի բացահայտում չի, դա իրենց իրավունքն է»: