Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց էլեկտրաէներգիայի թեմայով: Նախ զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ, իջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, նա խոսեց վերջին աուդտիտից, նշելով, որ ըստ արդյունքների` սակագնի բարձրացումը հիմնավոր է:
Այնուհետև ելույթ ունեցավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նույնպես փաստեց, որ սակագները հիմնավորված են և դրանց փոփոխության անհրաժեշտությունը չկա: Միաժամանակ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ քննարկվել է հարցը և որոշվել, որ կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի քաղաքացիների նորմալ կենսագործունեության համար սակագնի բարձրացումը խոչընդոտ չհանդիսանա:
Վարչապետը խոսեց նաև Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության կառավարման հարցից: Ըստ նրա` այս իրավիճակում հրամայական է դարձել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում նոր, ժամանակակից կառավարման համակարգերի ներդրումը: Հովիկ Աբրահամյանն ասաց.
«Քանի որ ԻՆՏԵՐ ՌԱՕ ընկերությունը ցանկություն էր հայտնել վաճառելու Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը, ապա առաջացան բարենպաստ պայմաններ կառավարման համակարգի էական բարելավման համար: Հաշվի առնելով ՏԱՇԻՐ խմբի երկարամյա փորձը էներգետիկ ծառայությունների մատուցման և էներգոհամակարգերի կառավարման ոլորտում, մասնավորապես, այն փաստը, որ ՏԱՇԻՐ խմբի կազմում գործող Կասկադ-Էներգո ընկերությունը հանդիսանում է լավագույններից մեկը Ռուսաստանի Դաշնությունում, Հայաստանի իշխանությունները դիմել էին ՏԱՇԻՐ խմբի նախագահ, մեր հայրենակից Սամվել Կարապետյանին՝ քննարկել բաժնետեր ԻՆՏԵՐ ՌԱՈ ընկերության հետ Հայաստանի էլեկտրական ցանցերի ձեռք բերման հարցը: Ընդառաջելով մեր խնդրանքին, կարճ ժամանակահատվածում ՏԱՇԻՐ խումբը բանակցեց և արդեն ստորագրեց Հայաստանում էներգետիկ ակտիվների ձեռք բերման պայմանագիր ԻՆՏԵՐ ՌԱՈ խմբի հետ, որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը:
Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արդեն իսկ համաձայնություն է տվել այդ գործարքին: Մեր խնդրանքով, ՏԱՇԻՐ խումբը պարտավորվել է 5 տարիների ընթացքում ընկերությունում ներդնել միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարում և իջեցնել տեխնոլոգիական և առևտրային կորուստները: Միաժամանակ, ՏԱՇԻՐ խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչև 2016թ. օգոստոսի 1-ը կառավարության հետ հավասար հիմունքներով փոխհատուցել սակագների տարբերությունը ամսական մինչև 250 կիլովատ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության և փոքր բիզնեսի համար, ինչի համար մեր հայրենակցին հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը:
Մանրամասնեմ մեր մոտեցումը: Հայաստանի Հանրապետության 766 հազար 889 բաժանորդներից միջին հաշվով 250 կիլովատ ամսական օգտագործում են 604 հազարը, կամ բնակչության շուրջ 79 տոկոսը: Մենք փոխհատուցելու ենք բնակչության այդ հատվածի և ամսական միչև 500 կիլովատ օգտագործող փոքր բիզնեսի համար 250 կիլովատ էլեկտրաէներգիայի արժեքը: Իսկ ավելի մեծ սպառում, այսինքն՝ ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող քաղաքացիները, կարծում եմ, պետք է իրենց վրա վերցնեն օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված սակագների տարբերությունը:
Հանձնարարում եմ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին երկշաբաթյա ժամկետում, խորհրդակցելով Տաշիր խմբի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնել իրավական ակտի նախագիծ՝ համապատասխան մանրամասն հաշվարկներով»: