ՃՈ. Կոթիում երբևէ արագաչափ սարքեր չեն տեղադրվել և չեն շահագործվել

Լրատվամիջոցներից մեկում զետեղված հրապարակման մեջ խոսք էր գնում Կոթի գյուղի մոտ, իբր, տեղադրված արագաչափի և սահմանամերձ բնակավայրի բնակչությանը պատճառած բազում անհարմարությունների ու վնասների մասին:

Նախ, պաշտոնապես հայտնում ենք՝ Տավուշի մարզի Կոթի համայնքի տարածքում երբևէ լուսանկարահանող արագաչափ սարքեր չեն տեղադրվել և չեն շահագործվել:

Իրողությունն այն է, որ մարզի տարածքում լուսանկարահանող-արագաչափ սարքեր տեղադրվել են 2012 թ. փետրվար ամսից և դրանք շահագործվում են Սարիգյուղ, Ջուջևան, Բերդավան և Պտղավան համայնքներով անցնող միջպետական նշանակության Մ-4 ավտոմոբիլային ճանապարհին: Տեղադրված արագաչափերի համար սահմանված է բնակավայրերի համար օրենքով նախատեսված 60 կմ/ժ արագություն, իսկ վարորդները վարչական պատասխանատվության են ենթարկվում 71 կմ/ժ արագությունը գերազանցելուց հետո:

Անհրաժեշտ է նաև փաստել, որ նշված համայնքներում լուսանկարահանող արագաչափ սարքերը տեղադրվել են համայնքների բնակչության և ղեկավարների խնդրանքների հիման վրա կատարված ուսումնասիրության արդյունքներով: Լուսանկարահանող արագաչափ սարքերի արդյունավետության վերաբերյալ տեղի ունեցած բազմաթիվ քննարկումների ժամանակ համայնքների ղեկավարները միահամուռ նշել են, որ տեղադրված սարքերը էապես նպաստում են երթևեկության անվտանգությանը, և հույս են հայտնում, որ դրանց շահագործումը շարունակական բնույթ կկրի, ավելացնելով նաև, որ մարզի ճանապարհներից օգտվում են ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլ նաև արտերկրից ժամանած վարորդները, որոնք նույնպես համայնքների տարածքներով երթևեկում են սահմանված արագությամբ:

Բացի այդ, Տավուշի մարզի սահմանային վերջին միջադեպերի ժամանակահատվածում (սկսած 2015 թ. սեպտեմբերի 15-ից) արագաչափ սարքերով ամրագրված իրավախախտումների համար որևէ անձ վարչական տույժ նշանակելու մասին որոշում սեպտեմբերի 29-ը ներառյալ չի ստացել, քանի որ այդ ժամանակահատվածի իրավախախտումների գործերով դեռևս վարչական տույժեր չեն նշանակվել և չեն առաքվել հասցեատերերին:

Հարկ է նշել նաև, որ ծայրահեղ անհրաժեշտության վիճակում թույլ տված իրավախախտման փաստերով Ճանապարհային ոստիկանությունում օրենքով սահմանված կարգով հարուցում են վարույթներ և իրավախախտում թույլ տված անձինք ազատվում են վարչական պատասխանատվությունից:

Ոստիկանությունը մշտապես համագործակցել և բազմիցս համագործակցության է կոչել լրատվամիջոցներին՝ հանուն անաչառության և ընթերցողի՝ տեղեկացված լինելու իրավունքի: Նմանօրինակ անճշտություններից խուսափելու և ընթերցողներին մոլորության մեջ գցելու փաստերը բացառելու համար ԶԼՄ-ներին մեկ անգամ ևս հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, անգամ որևէ լրատվամիջոցից ոստիկանության վերաբերյալ տեղեկատվություն արտատպելիս, իներցիայով ապատեղեկատվություն չտարածելու և հետո անհարմար վիճակում չհայտնվելու համար, ինչպես կոնկրետ այս դեպքում, խնդրում ենք կապի ցանկացած միջոցով դիմել ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն, որի աշխատակիցները պատրաստ են շուրջօրյա տրամադրել ճշգգրիտ և ամբողջական տեղեկատվություն: Այս մասին հաղորդում են ՀՀ ճանապարհային ոստիկանությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել