22-ամյա Թաթուլը, 23-ամյա Սիփանը և 26-ամյա Աղվանը ամբաստանյալի աթոռին են հայտնվել՝ խմբով նախապես համաձայնեցված կերպով աղջկա առևանգման և խուլիգանություն կատարելու համար:
Համաձայն մեղադրական եզրակացության, գործով տուժող Նարինեին (անունը փոխված է) առևանգելու կապակցությամբ Թաթուլը նախնական համաձայնության գալով եղբոր՝ Սիփանի և ընկերոջ՝ Աղվանի հետ, նաև քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ, այս տարվա ապրիլի 5-ին Աղվանի «Մերսեդես Ե» մակնիշի և անհայտ անձի կողմից վարվող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներով ուղևորվել են Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածի 17 շենքի բակ:
Այստեղ տեսել են են Նարինեին և նրա ընկերոջը՝ Նորայրին ( անունը փոխված է), ովքեր նստած են եղել Նորայրի «Հոնդա Ակորդ» ավտոմեքենայում: «ԲՄՎ»-ով փակել են «Հոնդա»-ի ճանապարհը, այնուհետև Նորայրին հարկադրաբար իջեցրել են ավտոմեքենայից, տևական ժամանակ ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել նրան՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով թեթև վնաս:
Դրանից բաց, համաձայն նախնական դերաբաշխման, Նարինեի կամքին հակառակ նրան տեղափոխել են Աղվանի վարած «Մերսեդես» մեքենայի մեջ, առևանգել են նրան ու տարել Կոտայքի Մարզի Առինջ գյուղ, սակայն Առինջ գյուղին հարող ճանապարհահատվածում Նորայրն իր վարած ավտոմեքենայով բախվել է Աղվանի վարած ավտոմեքենային՝ դիտավորությամբ խափանելով դրա ընթացքը, որից հետո ոստիկանության աշխատակիցների միջամտության արդյունքում Սիփանը բերման է ենթարկվել, իսկ Աղվանը, Թաթուլն ու մյուս հանցակիցները դիմել են փախուստի:
Ներկայումս երեք ամբաստնայալների հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է կալանավորումը:
Գործն ուղարկվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Դավիթ Հարությունյանին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: