Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ազգությամբ եզդի , ՀՀ-ի քղաքացի 21-ամյա Միրզա Ավդալյանի դատական գործը:
Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Վերջինս մեղադրվում է 16-տարին չլացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ, որի արդյունքում աղջիկը հղիացել և «Գրիգոր Նարեկացի›› ԲԿ-ում ծննդաբերել է:
Ամբաստանյալը դատարանում ընդունել էր մեղքը և ցուցմունք է տվել, որ գործով տուժող Կարոլինա Ավդալյանն իր կինն է։ Ինքը և Կարոլինան գտնվում են մերձավոր արյունակցական կապի մեջ, համակրել են միմյանց և ամուսնացել:
Տուժողը ևս ցուցմունք էր տվել, որ Միրզա Ավդալյանի հետ բնակվել է մեկ հարկի տակ և իր կամքով պարբերաբար, որպես ամուսիններ սեռական հարաբերություն է ունեցել Միրզա Ավդալյանի հետ:Այնուհետև պարզել է, որ հղի է, սակայն որևէ բժշկական կենտրոնի չի դիմել և միայն դատաբժշկի տված ուղեգրով է այցելել հիվանդանոց:
Դատաքննությամբ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ստուգելով և հետազոտելով գործի քննությամբ ձեռք բերված ապացույցները` դատարանը, Վլադիմիր Գրիգորյանի գլխավորությամբ, վճռեց`ամբաստանյալ Միրզա Ավդալյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ քրեական պատիժ կիրառել` դատապարտել ազատազրկման 4(չորս) տարի ժամկետով, որը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան ՔԿ հիմնարկում։ Սակայն քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով` նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով, ամբաստանյալի անձի ու նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնել: