Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների արդյունքում 3 անձ ձերբակալվել է. այս մասին Իրավաբան.net -ին փոխանցեցին Քննչական կոմիտեից: Ձերբակալված անձանց ինքնությունը և այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Նշենք, որ այսօր Ոստիկանությունից տեղեկացել էինք, որ ծեծի մեջ կասկածվելու հիմքով երեք անձ բերման է ենթարկվել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Աբովյան փողոցում արյունոտ վիճակում տղամարդ է ընկած: Հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1962 թ. ծնված, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, ով հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.45-ին, Աբովյան փողոցի թիվ 2/1 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձինք ձեռքերով և ոտքերով հարվածել են իր մարմնի տարբեր մասերին: