ՓՄՁ հանրության համախմբում տեսչական գործընթացներում կոռուպցիոն դրսևորումների դեմ դրամաշնորհի շրջանակներում իրականացվում է եռամսյա հետազոտություն: Ծրագրի նպատակ է հարցման միջոցով պարզել գործարար հանրության կարծիքը տեսչական բարեփոխումների, հակակոռուպցիոն դերի և դրանց իրականացման խնդիրների վերաբերյալ: Դրամաշնորհը տրամադրվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում:
Իրավաբան.net-ի հետ զրույցում ծրագրի ղեկավար Գայանե Պողոսյանը ասաց, որ այն լիովին ծառայել է իր նպատակին, թեև դեռևս կան որոշակի անելիքներ. «Հիմա ամփոփման փուլում ենք գտնվում, հարցաթերթիկներ էինք պատրաստել, կազմակերպել էինք կլոր սեղաններ և հիմա արված աշխատանքի արդյունքները փորձում ենք հանրագումարի բերել»,- նշեց մեր զրուցակիցը:
Նրա փոխանցմամբ՝ Երևանում, Տավուշի և Վայոց Ձորի մարզերում կազմակերպված կլոր-սեղան քննարկումների ընթացքում ձևավորել են տեսչական բարեփոխումների ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումների աջակցությանն ուղղված առաջարկություններ. «Ծրագրի ավարտից հետո, կարծում եմ, հինգօրյա ժամկետում պատրաստ կլինի մեր հաշվետվություն-զեկույցը, որտեղ մենք ավելի մանրամասն և հանգամանալից կերպով կներկայացնենք մեր գնահատականներն ու կարծիքը,- եզրափակեց Գայանե Պողոսյանը:
«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից՝ գործընկեր՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ՝ Եվրոպական Միության և ԵԱՀԿ ֆինանսական օժանդակությամբ: