ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել

Ազգային անվտանգության ծառայությունն անդրադարձել է սեպտեմբերի 18-ին, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից արված հայտարարություններին՝ դրանք բնորոշելով «սադրիչ արտահայտություններ»: ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ կարդում ենք.

«Պետականության հզորացման գործում անվտանգության մարմինների դերը չհասկացող գործիչներին օգտակար կլիներ ժամանակ առ ժամանակ հաշվի նստել այն պարզ ճշմարտության հետ, որ ԱԱԾ-ն «КГБ» և «НКВД» չի և որ այստեղ ծառայել ու ծառայում են բազմաթիվ նվիրյալ հայորդիներ, ովքեր հակառակորդի ահագնացող թշնամական վարքագծի պայմաններում ամենօրյա ծանր աշխատանքով ապահովում են այդ թվում տիկին Փոստանջյանի անվտանգությունը:

Չցանկանալով ներքաշվել էմոցիոնալ և անբովանդակ «քննարկումների» մեջ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը միայն հիշեցնում է, որ «տապալում», «շենքերի քանդում» արտահայտությունները և նման բովանդակությամբ կոչերը ՀՀ քրեական օրենսգրքով նկարագրված հանցավոր արարքների բնութագրիչ հատկանիշներից են և այդպիսի գործողություններն ուղղակիորեն առնչվում են օրենսդրությամբ ազգային անվտանգության մարմինների առաջ դրված խնդիրներին:

Ուստի ցանկացած նման կոչ, առավել ևս գործողություն կատարելու փորձ կկանխվի ՀՀ ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ եղած բոլոր օրինական միջոցներով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել