Հասարակական կազմակերպությունների մասին նոր օրենքը գտնվում է լրամշակման փուլում: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացրին Արդարադատության նախարարությունից՝ հավելելով, որ մինչ այս գերատեսչությունը ստացել է տարբեր կարծիքներ, այժմ իմի է բերում դրանք:
Թե երբ օրենքը կներկայացվի կառավարության հաստատման, հստակ ժամկետներ չկան:
Հիշեցնենք՝ օրենքի նախագծով շրջանառության մեջ է դրվել դեռ մարտ ամսին, նոր օրենքով նախատեսվում են մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված են ոլորտի կատարելագործմանը, հասարակության քաղաքական համակարգում քաղաքացիական ինստիտուտների դերի բարձրացմանը, դրանց կազմակերպական և ֆունկցիոնալ կարողությունների ամրապնդմանն ու իրացման հնարավորությունների ընդլայնմանը: Այդ նպատակով՝ առաջարկվող նախագծով տրվել է ՀԿ-ների դասակարգման յուրօրինակ մոդել, որը, թեև ուղղակի ազդեցություն չունի գործառութային ասպեկտի վրա, սակայն այն կարող է ապահովել բովանդակային նոր մոտեցում՝ ՀԿ-ների գործունեության կամ դրանց ընկալման նոր մոդելավորմամբ և հիմք հանդիսանալ ինստիտուցիոնալ ամրապնդման, արժեքային վերաիմաստավորման ու զարգացման համար:
Նախատեսվում է նաև ՀԿ-ներին հնարավորություն տալ դիմել դատարան, ինչպես նաև ծավալել ձեռնարկատիրական գործունեություն: