Ինչպես Իրավաբան.net-ը հայտնել էր, վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 8-ին Գրոդնոյում (Բելառուսի Հանրապետություն) մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, փոխնախարար Սուրեն Կարայանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Այս այցն իրականացնելու համար ՀՀ կառավարության աշխատակազմը սեպտեմբերի 4-ին պայմանագիր է կնքել վրացական Georgian Airways-ի հետ՝ սեպտեմբերի 7-ին Երևան-Գրոդնո և սեպտեմբերի 8-ին՝ Գրոդնո-Երևան ուղղություններով չվերթի համար: Հատուկ չվերթի ծառայությունների համար վրացական ավիաընկերությանը վճարվել է 24 հազար եվրո (13.1 միլիոն դրամ):
ՀՀ կառավարության աշխատակազմը գնման վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել` հայտնելով, որ պայամանագրով նախատեսված ծառայության մատուցումը հրատապ էր. պայմանագիրը կնքվել է ռուսերեն լեզվով, այլ արժույթով և հաշվի են առնվել վրացական ավիափոխադրող ընկերության կանոնադրության որոշ առանձնահատկություններ, որի արդյունքում հնարավոր չի եղել պահպանել գնումների մասին ՀՀ օրենսդրության որոշ պահանջներ:
Սակայն Դավիթ Բեգլարյանը հավաստել է նաև, որ տեղ գտած անհամապատասխանությունը չի հանգեցրել գնման ընթացակարգի կամ գնման ընթացակարգի կամ դրա արդյունքի փոփոխմանը, ինչպես նաև գնման գործընթացի մասնակիցների շահերի ոտնահարմանը: