Ինչպե՞ս լուծել վարորդների պատշաճ ծանուցման խնդիրը. նախարարի պարզաբանումները

Այսօր Ազգային ժողով և կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Հեղինե Բիշարյանը նշեց, որ վարչական տույժերի մասին որոշումները բազմաթիվ քաղաքացիներ չեն ստանում և միայն ծանուցվում են ԴԱՀԿ-ի կողմից:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պատասխանելով հարցին, ասաց, որ նախագահի հանձնարարականով այս ոլորտը ուսումնասիրվում է.

«Այն խնդիրը, որը Դուք եք բարձրաձայնում վերաբերում է 2014թ. դեկտեմբերին ընդունված, այսպես կոչված՝ համաներման խնդրին: Այս պահի դրությամբ դուք բարձրացնում եք մի խնդիր, որը մեր ուշադրության կենտրոնում է: Իրականացվում են որոշակի հետազոտություններ, որոնք թույլ կտա հասկանալ, թե քաղաքացիները ինչու իրազեկումներ չեն ստացել: Իրազեկումների համակարգը նախ և առաջ ոստիկանության կողմից է իրականացվում, այնուհետև ԴԱՀԿ-ի: Ոստիկանության կողմից ծանուցումների համակարգը մենք մանրամասն կարգավորել ենք, իսկ ինչ վերաբերում է ԴԱՀԿ-ի ծանուցումներին, ապա պետք է հասկանալ, թե որ տուգանքներին է վերաբերում խոսքը»,- նշեց նախարարը:

Ըստ նրա՝ եթե խոսքը վերաբերում է այն տուգանքներին, որոնք իրոք պետք է վարորդները վճարեին մինչև 2014թ. դեկտեմբերը, ապա հարկավոր է գույքագրում անցկացնել ու հասկանալ դա տեխնիկական բնույթի է, թե՝ ոչ, այնուհետև որոշել՝ ինչպես դրանց լուծում տալ:

Եզրափակելով իր խոսքը՝ նախարարը շեշտեց, որ վարորդներին ծանուցման խնդրի լուծումը դրվում է նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի մշակման շրջանակներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել