Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Հացադուլ իրականացնող ծնողները սպասում են, որ որդին կարդարացվի ու կգա իրենց տուն տանելու

Վաղը` նոյեմբերի 17-ին Վերաքննիչ քրեական դատարանում կսկսվի Էդգար Կարաքեշիշյանի և Աշոտ Առուշանյանի գործով դատական վիճաբանությունների փուլը: Իհարկե, եթե որևէ հետաձգումներ տեղի չունենան, նախատեսվում է, որ պաշտպանական ճառով հանդես կգա Աշոտ Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիոնյանը:

Վաղը դատարանի դիմաց կլինի նաև ցույց: Ինչպես Իրավաբան.net-ին փոխանցեցին ամբաստանյալի հարազատները` Աշոտ Առուշանյանի ընկերները պաստառներով կլինեն դատարանի մուտքի դիմաց, սակայն` ոչ դատարանի մուտքի մոտ, ոչ էլ ներսում վաղը չեն լինի Աշոտ Առուշանյանի հայրն ու մայրը, ովքեր այժմ հացադուլ են իրականացնում ՀՀ նախագահականի դիմաց:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ Էդգար Կարաքեշիշյանին և Աշոտ Առուշանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված գողությունը, որի համար նախատեսվում է ազատազրկում` 4-ից 8 տարի ժամկետով) և դատապարտել ազատազրկման Էդգար Կարաքեշիշյանին 7 տարի, իսկ Աշոտ Առուշանյանին 5 տարի 6 ամիս ժամկետով: Ինչպես նաև դատարանը բավարարել է «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը` ամբաստանյալներից համապարտության կարգով հօգուտ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի բռնագանձել 55 միլիոն 500 հազար դրամ` որպես հանցագործության պատճառված նյութական վնաս:

Աշոտ Առուշանյանին մեղսագրվել է հանցագործությանը օժանդակման արարք. «Իբր նա ինֆորմացիա է տրամադրել թղթով իր իր կամ ընկերոջ համակարգչից հանած: Առաջինը պետք է քննիչը իմանար, թե արդյոք նման թուղթ տպվել է, թե ոչ: Իմ ներքին համոզմամբ` նա գնացել է, արել է, տեսել, որ չկա ու այլ գործողություն չի արել: Լավ գոնե մի փաստ գտնեին, որ Աշոտ Առուշանյանի, Էդգար Կարաքեշիշյանի և Արտաշես Գալուտսյանի հեռախոսահամարները գոնե պատահականորեն նույն տեղում իրար հետ սպասարկված լինեին, նույնիսկ այդպիսի բան չկա: Արտաշես Գալստյանի տրված միակ ցուցմունքն անթույլատրելի է ճանաչվել»,- փոխանցեց Աշոտ Առուշանյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

Լիպարիտ Սիմոնյանն ու Աշոտ Առուշանյանի հարազատներն գտնում են, որ առաջին ատյանի դատարանը կայացրել է անարդարացի որոշում, նրանք այս ամենի հիմնական մեղավորը համարում են գործը հետաքննող քննիչին, դատախազին: Լիպարիտ Սիմոնյանը դատական նիստերից մեկի ընթացքում անգամ միջնորդությամբ եկավ դատարանին, որպեսզի այն էլ իր հերթին միջնորդի ՀՀ գլխավոր դատախազություն քննիչին ու դատախազին պատասխանատվության ենթարկելու համար:

Աշոտ Առուշանյանի հայրը, մայրն ու եղբայրն արդեն 4 օրն է ինչ հացադուլի մեջ են: Մինչ ՀՀ նախագահականի դիմաց հացադուլ սկսելը նրան նամակներ էին հանձնել` ուղղված ՀՀ նախագահին և ԱԺ 4 խմբակցություններին: Դեռևս պատասխան չկա: Աշոտ Առուշանյանի մոր զգացողությունը երեկ կտրուկ վատացել էր, շտապօգնություն են կանչել: Աշոտ Առուշանյանին մայրն ու հայրը վաղը դատին չեն մասնակցի. «Մենք էստեղ ենք լինելու, բայց Աշոտի ընկերները, բարեկամներն ու հարազատները պետք է Վերաքննիչ դատարանի դիմաց խաղաղ ցույց անցկացնեն, որ մեր ձայնը հասնի դատավորներին»,- նշեց Աշոտ Առուշանյանի հայրը` Լավրենտ Առուշանյանը, իսկ մայրը եզրահանգեց. «Մենք հուսով ենք, որ Աշոտը կգա, մեզ այստեղից կտանի»:

Հեղինակ` Գևորգ Թոսունյան
Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել