Նորություններ

Բացահայտվել են Երևանում երկու դեղատներից կատարված կողոպուտները. առաջադրվել է մեղադրանք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևան քաղաքի երկու դեղատներից կատարված կողոպուտները։ Քննությամբ պարզվել է, որ դրանք կատարվել են նույն անձի կողմից։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հունվարի 11-ին և մարտի 3-ին Երևան քաղաքում գործող երկու տարբեր դեղատներից ենթադրյալ հանցագործություն կատարած անձը  հափշտակել է դրամարկղերը և դիմել փախուստի: Դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր և կատարվել քննություն:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ երկու դեղատներից կողոպուտ կատարած անձը հանդիսանում է նույն անձը՝ ծնված 1970թ.՝ Ուկրաինայում, ՀՀ քաղաքացի:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 47-ամյա տղամարդը 2017թ.  հունվարի 11-ին՝ ժամը 18:58-ի սահմաններում, մուտք է գործել Երևան քաղաքում  գործող դեղատներից մեկը, մոտեցել աշխատակցուհուն և վերջինիս ներկայությամբ բացահայտ հափշտակել դեղատան դրամարկղը, որում եղել է զգալի չափի կանխիկ գումար և հեռացել: Մոտ երկու ամիս անց՝ 2017թ. մարտի 3-ին՝ ժամը 21:56-ի սահմաններում,  մուտք է գործել Երևանում գործող մեկ այլ դեղատուն և աշխատակցուհու նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով  հափշտակել է դեղատան դրամարկղը, որի մեջ եղել է խոշոր չափի կանխիկ գումար և դիմել փախուստի:

Նշված երկու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում և ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 47-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել