Ամբաստանյալը չգիտի, թե ով կխաղա ունեզրկված Փայլակ Հայրապետյանի դերը. «Օֆշորի գործ»

Սկանդալային օֆշորի գործով այսօրվա դատական նիստին շարունակվեց տուժող, գործարար Փայլակ Հայրապետյանի հարցաքննությունը: Գործը քննվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ:

Նախորդ նիստին իր ցուցմունքում տուժող Փ. Հայրապետյանը նշել էր, թե ամբաստնյալ, ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը ասել է, թե աֆրիկյան Սիերա Լիոնե պետությունում ունի հանքեր, համապատասխան տեխնիկա՝ ադամանդի և ոսկու հումքը հանելու և մշակելու համար, սակայն հետագայում իմացել է, որ իրականում նա ոչինչ էլ չունի:

Այսօրվա նիստին Աշոտ Սուքիասյանն ասաց, թե 2012 թվականի հոկտեմբերին Փայլակ Հայրապետյանը ռուսալեզու նամակ է իրեն գրել, որ եթե իր ամբողջ ունեցվածքը չգրի Փ. Հայրապետյանի անունով, ապա վատ կլինի, իսկ եթե համաձայնի անել, ապա իր դեմ հարուցված քրեական գործով մեղադրանքը կհանեն: Նա հարց տվեց տուժողին, թե եթե ինքը ոչինչ չի ունեցել իր անունով, ապա իրենից ինչ էր պահանջում այն ժամանակ: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ամբաստնյալը Փայլակ Հայրապետյանին մեղադրեց, թե նա ցանկացել է իր բիզնեսը խլել:

Ի պատասխան այս հարցի՝ Փայլակ Հայրապետյանն ասաց, որ այդ ժամանակ բանկում գրավադրված իր ողջ գույքը սկսել են աճուրդի հանել, և որպեսզի կարողանա փրկել ունեցվածքը այդ քայլին է դիմել:

Ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանն այս պատասխանից հետո, դիմելով տուժողին, ասաց. «Այս գործի ավարտից հետո մի ֆիլմ պիտի նկարեմ, բայց չգիտեմ՝ թե ով կկարողանա խաղալ Ձեր դերը»:

Հիշեցնենք, որ 2009 թվականին էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի մոտ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն է կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, քննարկվել է Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկային ծրագիրը: Նշվել էր, որ 500 միլիոնից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքի՝ ադամանդի հումքի տեսքով և վարկի մարումն էլ պետք է իրականացվեր արդեն իսկ մշակված ադամանդի տեսքով:

Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը՝  «Ամերիաբանկից» մոտ 12.5 մլն դոլար վարկ ստանալու և դրանով աֆրիկյան Սիերա Լիոնե հանրապետությունից ավելի էժան գնով ադամանդի հումք ներկրելու նպատակով: «Ամերիաբանկը» մոտ 10 միլիոն դոլար է տվել Աշոտ Սուքիասյանին պատկանող  ՍՊԸ-ին և չի հետևել, թե արդյոք կատարվում են վարկային պարտավորությունները: Իվերջո, վարկային պարտավորությունները չկատարելու հիմքով բանկը սկսել է իրացնել Փայլակ Հայրապետյանի կողմից գրավադրված գույքը:

Դատարանի այն հարցին, թե ո՞վ է որոշել, թե 12.5 միլիոն դոլար է պետք, Փայլակ Հայրապետյանը պատասխանեց, որ էկոնոմիկայի նախկին նախարար Ներես Երիցյանը: Նա նշեց նաև, որ Ներսես Երիցյանն իրեն շատ հարցերում է «քաշել»: Տուժողը նորից նշեց, որ իր ունեզրկման գործում ամենամեծ մեղավորներից են նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը:

Դատարանի այն հարցին, թե բազմիցս է նշում Տիգրան Սարգսյանի անունը՝ ի՞նչ գործ է նրա հետ ունեցել, Փայլակ Հայրապետյանը ասաց, որ եթե նախարարները խաբել են իրեն, ապա հենց նա է պատասխանտու դրա համար:

Այսօրվա դատական նիստին ավարտվեց Փայլակ Հայրապետյանի հարցաքննությունը, մյուս նիստին կհարցաքննվեն մյուս տուժողները: Հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 6-ին:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել