Մշակվել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծ

Մարդիկ երբեմն ասում են` եթե նոտարի թուղթ է` խնդիր չունեմ:  Այդ վերաբերմունքը փոխելու համար Արդարադատության նախարարությունը «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծ է մշակել: «Այս նախագիծը զգալիորեն փոփոխում է գործող օրենքը: Այսօր արդեն նպատակ ունենք ամբողջական գործող լատինական նոտարիատի համակարգի ունենալ»,- Iravaban.net-ի հետ զրույցում ասաց ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը:

Արդարադատության նախարարության կազմակերպած «Նոտարական համակարգի զարգացման հեռանկարները Հայաստանում» խորագրով սեմինար-քննարկման մասնակիցները հայտնեցին իրենց կարծիքը և լսեցին նոտարական համակարգի վերաբերյալ միջազգային փորձը:

«Օրենքի փոփոխությունը կնախատեսի նոտարի ամբողջական պատասխանատ­վություն, նոտարի մոտ մեկ պատուհանի սկզբունքով ծառայութ­յունների մատուցում: Կստեղծի իրավական հիմքեր էլեկտրոնային նոտարական համակարգի գործարկման համար և այլն»,- նշեց Արամ Օրբելյանը:

Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնների (ՇՊԱԿ) ազգային ցանցի զարգաց­ման ծրագրի բարեփոխումների հարցերով մասնագետ Սոնա Հարությունյանի խոսքով` իրենց առաջարկած բարեփոխումները ևս տեղ են գտել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի նոր նախագծում: «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը  2009, 2011 թվականներին իրականացրել է նոտարական գրասեն­յակ­ների հասարակական մոնիթորինգ (մշտադիտարկում), որոնց ընթացքում վեր են հանվել մի շարք խնդիրներ և, դրանց հիման վրա, օրենքում փոփոխությունններ կատարելու առաջարկություններ ենք ներկայացրել»,- ասաց իրավաբան Հարությունյանը:

Առաջիկայում վերամշակված օրենքի շուրջ կլինեն նաև հանրային քննարկումներ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել