Արդյոք իրատեսական է մինչև 2015թ. ավարտն ունենալ պրոբացիոն ծառայության ողջ օրենսդրական փաթեթը:
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի խոսքերով՝ գերատեսչությունն այլ տարբերակ չունի. «Դա այն վերջնաժակմետն է, որոնք որ սահմանվել են նախարարի կողմից՝ հիմք ընդունելով համապատասխան իրավական ակտերը: Իհարկե, ես ընդունում եմ մամուլում հնչած կարծիքները, որ դրանք բավականին սեղմ ժամկետներ են, մենք հասկանում ենք, որ բավականին դժվար է այդ ժամկետներում նշյալ գործողություններն իրականացնել, ուստի մենք լուրջ և ակտիվ աշխատանք պետք է կատարենք, որ նախ օրենսդրական փաթեթները մոտակա մեկ ամսում ավարտին հասցնենք»,- Իրավաբան.net-ին ասաց պարոն Քրմոյանը:
Նա հավելեց, որ նախարարությունը ԵԽ-ի հետ պայմանավորվածություն ունի, ըստ որի՝ պետք է հունիսի սկզբին այդ փաթեթները ներկայացնի միջազգային փորձաքննության, որպեսզի ժամանակ ունենա ստանալ արդյունքները, լրամշակել փաթեթն ու հուլիս-օգոստոս ամիսներին դրանք կառավարություն ներկայացնի, ապա և ԱԺ. «Մենք բավականաչափ լուրջ նախապատրաստական աշխատանք ենք կատարել: Պիլոտային ծրագրերն իրականացվում են, հնարավորություն ենք ունենալու հուլիս ամսից էլեկտրոնային մոնիթորինգ կատարել»,- հավելեց պարոն Քրմոյանը: