Հանցավորության դեմ պայքարն այսուհետ կրկնակի պետք է ուժեղացվի. Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում մեկնաբանեց այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի ունեցած սպանությունները: Նրանից հետաքրքրվեցինք, թե որ դեպքում են հանցագործները սպանության գործիքները թողնում դեպքի վայրում. «Ես մասնագետ չեմ, բայց սիրողական մակարդակի ուսումնասիրությունների արդյունքում եզրահանգել եմ այն մտքին, որ քրեական աշխարհում չգրված օրենք կա, երբ որ պատվիրված սպանությունների իրականացման դեպքում, այսպես ասած` վարձու մարդասպանները զենքերը թողնում են իրենց տեղում: Չի բացառվում նաև, որ փախուստի դիմելուց չհասցնեն վերցնել»,- ասաց նա:

Հիշեցնենք, այսօր` դեպքի վայրոմ ոստիկանները հայտնաբերվել են երկու ատրճանակ և մեկ ինքնաձիգ:

Փաստաբանը նաև նշեց, որ նմանաբնույթ սպանությունները իրականացվում են տարբեր շարժառիթներով. «Հայաստանում, ցավոք սրտի, նմանաբնույթ աղմկոտ սպանություններ հաճախ եղել են: Սրանք ոչ միայն պատվիրված, այլ տարբեր խմբերի միջև վեճերի հետևանք են, սրանք պատվախնդիր լինելու հետևանք են, երբեմն նաև վրեժխնդրության արդյունք են: Նշեմ, որ ձեռագիրը, կատարված բնույթը, հանցագործության ծանրությունը և հնչեղությունը հուշում է մի բանի մասին, որ մեր իրավապահ համակարգում ընդհանրապես հանցավորության դեմ պայքարում լրջագույն անելիքներ կան»,- հաղորդեց փաստաբանը:

Նմանաբնույթ դեպքերը կանխարգելելու հարցում առանցքային նշանակություն ունեն ոստիկանության գործողությունները. «Ես կարծում եմ, որ այսօրվա դեպքերը լրջագույն ազդակ են, որ ոստիկանությունը որևէ պարագայում չպետք է, այսպես ասած, թուլացնի զգոնությունը և պետք է հավուր պատշաճի արձագանքի նմանատիպ դեպքերին: Նմանատիպ իրավիճակների պատճառներից մեկն էլ նախկինում այսօրինակ հնչեղ հանցագործությունների չբացահայտելն է, սրանով անպատժելության մթնոլորտը էլ ավելի է խորանում: Հանցավորության դեմ պայքարն այսուհետ կրկնակի պետք է ուժեղացվի»,- եզրահանգեց մեր զրուցակիցը:

Մինչ այս հաղորդել ենք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ այսօր՝ մարտի 4-ին՝ ժամը 13:59-ին, հրաձգություն է տեղի ունեցել: Դեպքի վայրում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի աշխատակիցները հայտնաբերել են մեկ դիակ, երկու անձ տեղափոխվել են հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել: Կրակոցների առթիվ քրեական գործ է հարուցվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել