Սպորտը և˚ս կոռումպացված ոլորտ է

Կոռուպցիայի մակարդակը Հայաստանում դեռևս շարունակում է մնալ բարձր: Այս է վկայում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (Transparency International, TI) միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության վերջին` 2011 թվականի դեկտեմբերի 1-ին հրապարակած զեկույցը: Ըստ այդ զեկույցի, մեր երկիրը կոռուպցիայի ընկալման ցուցանիշով աշխարհի 182 երկրների շարքում 129-րդ տեղում է:
Iravaban.net-ը «Վիշապ»-ի դպրոցի անվտանգության հարցերով փորձագետ, Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ, միջազգային կարգի մրցավար Տիգրան Չոբանյանից փորձեց պարզել, թե սպորտում ի˚նչ չափերի է հասնում կոռուպցիան: Նրա փոխանցմամբ` ինքն իր ընկեր-մարզիչներից հաճախ է լսել, թե ինչպես են բացահայտ ասում` փող է պետք մրցավարներին կաշառելու համար, հակառակ դեպքում, ազնիվ պայքարում հնարավոր չէ շատ բարձր հորիզոնականի ակնկալել կամ երազել գլխավոր մրցանակի մասին: Մրցավար Չոբանյանի խոսքով`շատ քիչ դեպքերում է, երբ միջազգային կարգի մրցավարը չի կարողանում ազդել խաղի ընթացքի վրա. այդպիսի օրինակ է բռնցքամարտը, երբ հնարավոր է նոկաուտ:
«2010 թվականին Անթալիայում` Եվրոպայի առաջնության ժամանակ, հայ մարզիկի փոխարեն, մրցավարների բացահայտ խարդախության պատճառով, հաղթանակը շնորհվեց Թուրքիան ներկայացնող սպորտսմենին: Ակնհայտ էր, որ որոշումը թուրքերին հաճոյանալու ցանկություն էր, քանի որ հաջորդ տարի աշխարհի առաջնությունը պետք է անցկացվեր Թուրքիայում,- հիշում է Տիգրան Չոբանյանն ու հավելում,- Մենք բողոքարկեցինք իրավիճակը: Բողոքարկաման հանձնաժողովը, երբ նայեց տեսանյութերը, հասկացավ, որ մենք ճիշտ ենք, որոշումը փոխեց մեր օգտին, պաշտոնապես հայտարարվեց թիմերի ներկայացուցիչներին, սակայն երկու ժամ հետո իմացանք, որ որոշումը նորից փոխվել է: Ես համոզված եմ, որ կամ թուրքերը վճարել էին կամ թուրքերին փորձել էին հաճոյանալ: Երկու դեպքում էլ ես համարում են կոռուպցիոն երևույթ»:
Միջազգային կարգի մրցավար Չոբանյանի համոզմամբ`կոռուպցիան միայն կաշառք տալու և առնելու հարաբերությունը չէ: Նա կաշառք է համարում նաև պայմանավորվածության պատճառով որոշում կայացնելը: Երբ մեկը մյուսին գումար չի տվել, սակայն որոշել են, որ իրավիճակն իրենց պայմանավորվածով պետք է լուծվի:
«Վիշապ»-ի դպրոցի անվտանգության հարցերով փորձագետի կարծիքով` կոռուպցիան մեր երկրում նվազեցնելու համար պետք սկսել ակունքից`մարդկանց կրթելուց:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել