Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվել է նոր նախագիծ:
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հիմնական աշխատավայրի գործատուն պարտավոր է կառավարության սահմանած կարգով 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել կառավարության լիազորած պետական կառավարման մարմին՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն` աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով:
Նախագծով առաջարկվում է ժամկետը երկարաձգել: Գործատուն պարտավոր կլինի կառավարության սահմանած կարգով 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երեք տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:
Մինչ օրս 550 000 աշխատողների աշխատանքային գրքույկներից մշակվել է շուրջ 260000 աշխատանքային գրքույկ, 290000 աշխատանքային գրքույկ անհրաժեշտ է մշակել:
Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում սահմանված ժամկետում կմշակվեն բոլոր աշխատանքային գրքույկները:
Եվգենյա Համբարձումյան