«Ես անմիջապես հասկացա, որ Արայիկիս էդ մանյակն ա սպանել ու թաղել». Ֆոտոշարք

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց նախկինում սպանության մեղադրանքով դատապարտված Սերգո Երեմյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

 

Այսօրվա նիստում ամբաստանյալի պաշտպան Գայանե Գալոյանը Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դեմ բացարկի միջնորդություն ներկայացրեց: Ըստ նրա՝ այդ վարչական շրջանի դատախազն ունի հստակ բացասական դիրքորոշում ամբաստանյալի նկատմամբ, ինչը կունենա իր ազդեցությունը գործի ելքի վրա: Պաշտպանի խոսքերով՝ մեղադրող դատախզն արտահայտում է այն կարծիքը, ինչը արտահայտում է վարչական շրջանի դատախազը:

 

Գործով մեղադրողը մերժեց ներկայացված միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ դատախազությանը բացարկ հայտարարելու կարգ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի սահմանում:

 

Դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, հինգ րոպե տևած խորհրդակցությունից հետո մերժեց պաշտպանի ներկայացրած միջնորդությունը՝ որպես հիմք ընդունելով միջնորդության ակնհայտ անհիմն լինելը:

 

Դատարանին տված ցուցմունքի ժամանակ ամբաստանյալը հայտնեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում. «Դեպքը եղել է այն բնակարանում, որտեղ ես եմ ապրում, և դա է այն պատճառը, որի համար հայտնվել եմ դատարանում»:

 

Ամբաստանյալի խոսքերով՝ տուժող Արա Հունանյանին ճանաչել է վաղուց և միմյանց հետ ունեցել են լավ փոխհարաբերություններ. «Արային ճանաչել եմ որպես ծանրակշիռ տղա: Չնայած որ երկար տարիներ ենք իրար ճանաչել, բայց մտերմացել ենք նրա հետ կատարված դեպքից մի քանի ամիս առաջ: Ես անգամ ուզել եմ նրան քավոր դարձնեմ, որովհետև շատ խելացի մարդ էր: Որևէ պատճառ, որ ես կարող էի սպանել Արային՝ չկա»:

 

Ինչպես նշեց ամբաստանյալը, և՛ ինքը, և՛ տուժող Արա Հունանյանը խմիչքի հանդեպ սեր են ունցել: Քանի որ ամբաստանյալը միայնակ էր բնակվում, հաճախ են հավաքվել իրենց տանը հաց կերել և օղի խմել:

 

Ս. Երեմյանը դատարանում հրաժարվեց նախաքննական ցուցմունքից, որտեղ ընդունել է իր մեղքը: Նա նշեց, որ ոստիկանության բաժնում իրեն ծեծի են ենթարկել, և ինքը ստիպված է գրել այդ նախաքննական ցուցմունքը. «Ես բանից բեխաբար, եկել են, բռնել են ու տարել: Դեպքի հետ որևէ առնչություն չունեմ: Նախաքննական ցուցմունքն ամբողջությամբ սուտ է»:

 

Մեղադրողը միջնորդություն ներկայացրեց ամբաստանյալի նախաքննական ցուցմունքի հարապարակման համար, քանի որ դատաքննական ցուցմունքի հետ կան էական հակասություններ:

 

Դատարանը բավարարեց վերոնշյալ միջնորդությունը:

 

Նախաքննական ցուցմունքում ամբաստանյալն ընդունել է իր մեղքը և խոստովանել, որ Արայիկ Հունանյանին առանձնակի դաժանությամբ սպանել է ինքը:

 

Ըստ հրապարակված ցուցմունքի՝ հունվարի 1-ին Սերգո Երեմյանի տուն է գնացել վերջինիս մտերիմներից Հրաչը և նրանք միասին օղի են խմել. «Եկել էր Նոր Տարիս շնորհավորելու: Մի բաժակ բան խմեցինք, հետո ես իրան ասեցի, որ ուզում եմ գնամ քրոջս Նոր Տարին շնորհավորելու: Հրաչը ճանաչում էր քրոջս ու ցանկություն հայտնեց, որ միասին գնանք: Էնտեղ մի քանի բաժակ օղի խմեցինք ու Հրաչը խոսքի մեջ հայհոյեց: Դա ինձ դուր չեկավ: Ես նրան նկատողություն արեցի նրան: Բայց հետո էդ միջադեպը անցավ գնաց» :

 

Ամբաստանյալը քրոջ տանը տեղի ունեցած միջադեպի մասին պատմել է Արային, երբ վերջինս եկել էր իր տուն Նոր Տարի շնորհավորելու. «Ես խոսքի մեջ Հրաչին սրիկա անվանեցի, ինչը Արային դուր չեկավ: Մենք երկուսս էլ խմած էինք. իմ թորած օղին էինք խմել: Արան ինձ հարվածեց, իսկ ես նրան: Իմ հարվածների արդյունքում Արան թուլացավ, ընկավ հատակին և դադարեց ինձ հավածել»:

 

Դեպքից հետո ամբաստանյալը թողնելով տուժողին հատակին դուրս է եկել իր այգի ու մոտ մեկ ժամ այնտեղ քայլել նյարդերը հանգստացնելու համար, իսկ երբ վերադարձել է տուն տեսել է, որ Արան աչքերը փակ ընկած է հատակին և շատ ծանր է շնչում. «Ես մոտեցա նրան, շնչառությունը ստուգեցի ու տեսա, որ մահացել ա»:

 

Այնուհետև փորձել է դիակը դուրս բերել բնակարանից, բայց քանի որ շատ ծանր է եղել, որոշել է մասնատել: Դանակի և կացնի միջոցով Արայիկ Հունանյանին մասնատել է երկու մասին. «Սկզբում դանակի, հետո միջին չափի կացնի միջոցով նրան որովայնի մոտից երկու մասի կիսեցի: Արյուն շատ չեկավ, քանի որ մինչև այդ արդեն արնաքամ էր եղել: Հետո տանից դուրս բերեցի և նետեցի իմ տան հետևում գտնվող փոսի մեջ: Այնուհետև դուրս եմ բերել և դրանք նետել իմ տան հետևում գտնվող փոսի մեջ, իսկ դանակն ու կացինը դրելեմ տոպրակի մեջ ու գցել աղբամանը»:

 

Ամբաստանյալը նախաքննական ցուցմունից հետո ևս մեկ անգամ հաստատեց, որ այն ինչ ասել է սուտ է եղել:

 

Տուժողի իրավահաջորդ՝ Հայկ Հունանյանը նոր վկա հրավիրելու մասին միջնորդություն էր ներկայացրել: Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Վկան սպանված Արայիկ Հունանյանի մայրն էր:

 

Նա դատարանին պատմեց, որ ամբաստանյալ Սերգո Երեմյանին ճանաչում է շուրջ քսան տարի: Վերջինիս իր կրպակից հաճախ է անվճար օղի և գարեջուր տվել. «Միշտ եկել ուզել ա: Ես տվել եմ, որ հանկարծ էսօրվա օրը չընկնեի: Մի անգամ էլ եկավ օղի ուզեց, ես ասեցի, որ հենց մի հատ ա մնում չեմ կարա տամ: Խմած էր: Ի՜նչ հայհոյանքներ ասեց ինձ, բայց ես ոչ ամուսնուս ասեցի, ոչ էլ տղայիս, որ հանկարծ դրա նմանի պատճառով տղայիս բան չլինի: Ես միշտ արգելել եմ Արային շփվել էդ մանյակի հետ»:

 

Վկայի խոսքերով՝ ամբաստանյալի մոր և իր ընդհանուր ծանոթը զանգել է և իրեն ասել, որ սպանողները 6-ն են եղել. «Իմծանոթին դրա մայրն ասել ա, որ մենակ իմ տղան չի սպանել՝ վեց հոգի են եղել»:

 

Տիկին Ալիսայի խոսքերով՝ ինքը միանգամից հասկացել է, որ տղային սպանել է Սերգո Երեմյանը. «Հունվարի երեքին եկավ տուն, հաց կերավ, քնեց ու դուրս եկավ: Ամբողջ գիշեր զանգեցինք, բայց չէր պատասխանում հետո դարձավ անհասանելի: Ես անմիջապես հասկացա, որ Արայիկս էդ մանյակի կողմից սպանված է ու թաղված»:

 

Ամբաստանյալի պաշտպանը դատարան ևս երկու վկա հրավիրելու միջնորդություն ներկայացրեց: Դատարանը միջնորդությունը բավարարեց:

 

Հուլիսի 12-ին կայանալիք դատական նիստի ժամանակ դատարանը կլսի երկու վկաների ՝ Սերգո Երեմյանի մոր և ընկերոջ կնոջ ցուցմունքները:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Արև Ավագյան

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել