Արմավիրում ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի հուսալի պահպանություն

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ենթակա բաժինների արտաքին ծառայությունները, մարզում իրականացրել և իրականացնում են հասարակական կարգի հուսալի պահպանություն, իրավախախտումների և հանցագործությունների նախականխում և բացահայտում։ Այս մասին, ի պատասխան Իրավաբան․net-ի հարցման, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

2018-ի 4 ամիսների ընթացքում, մարզում իրականացվել է 72 զանգվածային միջոցառում, որից 34-ը՝ հավաքներ և ցույցեր, 38-ը՝ սպորտային, մշակութային և կրոնական միջոցառումներ, որոնց ընթացքում ապահովվել են հասարակական կարգ և անվտանգություն։

2017 թ. ընթացքում Արմավիրի մարզում գրանցվել է ընդհանուր 1377 հանցագործության դեպք, որից 327-ը՝ միջին ծանրության, 187-ը՝ ծանր, 14-ը՝ առանձնապես ծանր հանցագործություններ են։ Գրանցված հանցագործության դեպքերից բացահայտվել է 1189-ը, իսկ 188-ը մնացել են չբացահայտված։ 2018թ 4 ամիսների ընթացքում Արմավիրի մարզում գրանցվել է 492 հանցագործության դեպք, որից 151-ը միջին ծանրության հանցագործություններ են, 52-ը՝ ծանր և 5-ը՝ առանձնապես ծանր։ Կատարված 492 հանցագործության դեպքերից բացահայտվել է 418-ը, իսկ 74-ը մնացել են չբացահայտված։

Նշենք, նաև, որ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում, ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունը և ենթակա տարածքային ստորաբաժանումները սերտ համագործակցություն են ապահովել տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ամրապնդվել է ոստիկանություն-հասարակություն կապը, ինչպես և տեսանելիորեն բարձրացել է հասարակության վստահությունը ոստիկանության նկատմամբ։

Ի դեպ, Արմավիրի մարզային վարչության պետը ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանն է, ով հանրությանը հայտնի դարձավ, երբ փրկեց  «Մանուշակ» մանկապարտեզում պատանդառված երեխային 3-ամյա երեխային:

Արմավիրի ավագանին նոյեմբերի 30-ին Արսեն Այվազյանին «Արմավիրի պատվավոր քաղաքացու» կոչում էր շնորհել:

Հիշեցնենք, որ 2017թ. հոկտեմբերի 30-ին Արմավիր քաղաքի բնակիչ Ա. Հ.-ն  մտել էր  «Մանուշակ» մանկապարտեզի վարչական շենք, կրտսեր 1-ին խմբի երեխաների համար նախատեսված ննջասենյակ և կնոջը՝ մանկապարտեզի աշխատակից Լիլիթ Հովհաննիսյանին,  որի հետ բաժանվելուց հետո գտնվում էր լարված հարաբերությունների մեջ, հայտնել, որ ցանկանում է առանձնազրույց ունենալ նրա հետ` պահանջելով դուրս գալ մանկապարտեզից:

Կինը հրաժարվել է առանձնազրույց ունենալ ամուսնու հետ, ինչից հետո վերջինս բաճկոնի տակից հանել է իր մոտ ապօրինի կերպով պահվող և սառը զենք հանդիսացող գործարանային եղանակով պատրաստված  որսորդական դանակը և, բռնելով Լիլիթ Հովհաննիսյանի մազերից` քարշ է տվել մանկապարտեզի շինության մուտքի դռան մոտ` ցանկանալով նրան դուրս բերել շենքից: Այս ընթացքում տղամարդը ձեռքին եղած դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել կնոջ դեմքին և կրծքավանդակին՝ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:

Տղամարդու հետ բանակցություններ էին վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել էր երեխային անվնաս հանել սենյակից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել