Պատանդառված 3-ամյա երեխային փրկած ոստիկանին և դատախազին «Արմավիրի պատվավոր քաղաքացու» կոչում շնորհվեց

Արմավիրի ավագանին այսօր՝ նոյեմբերի 30-ին, «Մանուշակ» մանկապարտեզում պանտանդառված երեխային փրկած Արմավիրի ոստիկանապետ Արսեն Այվազյանին  և դատախազ Վահե Հովհաննիսյանին  «Արմավիրի պատվավոր քաղաքացու» կոչում են շնորհել: Իրավաբան.net-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը:

Հիշեցնենք, որ 2017թ. հոկտեմբերի 30-ին, ժամը 16:25-ին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ: Պարզվել է, որ այդ քաղաքացին Արգամ Հովիկյանն է, որը դանակի սպառնալիքով մանկապարտեզում պատանդ է պահել 3-ամյա երեխայի՝ պահանջելով հանդիպում իր նախկին կնոջ հետ:

Նրա հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել տղամարդուն մեղադրանք առաջադրել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով: Նա կալանավորված է եւ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:

Արգամ Հովիկյանը ցուցմունք է տվել եւ հայտնել, որ մանկապարտեզ էր գնացել կնոջ հետ վերջնական խոսելու եւ նրան տուն վերադարձնելու նպատակով, իսկ եթե չստացվի, նպատակ է ունեցել կնոջ աչքի առջեւ ինքնասպան լինել:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել