«Եթե ժողովուրդը նման պատասխանատվություն դնի, չեմ հրաժարվի». Նիկոլ Փաշինյանը՝ իր վարչապետ դառնալու մասին

Արտերկրից ժամանած լրագրողների հետ ասուլիսի ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունից ոչ ոք չի լինելու Հայաստանի վարչապետ, նա չի զիջի դա:

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք 7-8 տոկոս ձայն հավաքած քաղաքական ուժը կարող է ղեկավարել երկիրը, Փաշինյանը պատասխանել է, որ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանն էլ էր այդպես ասում:

«Հայաստանում այժմ կատակում են, որ յոթ տոկոսն ավելին էր, քան Հանրապետականների հավաքած 93 տոկոսը։ Մեր շարժումը վայելում է  Հայաստանի բնակչության 90 տոկոս  աջակցությունը, սփյուռքի անվերապահ աջակցությունը։ Հանրապետական կուսակցությունից որևէ թեկնածու լինելու Հայաստանի վարչապետ։ Հայաստանում հանրապետական կուսակցության իշխանությունն ավարտվել է։ Այդ կուսակցությունը վերածնելու որևէ փորձ չի հաջողելու»,- նշել է Փաշինյանը։

Փաշինյանը նաև նշել է, որ ինքը կարող է դառնալ վարչապետ, եթե դրան կողմ արտահայտվի ժողովուրդը:

«Մենք պետք է երաշխավորենք ազատ ընտրություններ Հայաստանում։ Քաղաքական ճգնաժամը սկսվեց, երբ մարդիկ սկսեցին տոտալ կերպով չվստահել ընտրություններին։ Առաջին բանը, որ պիտի անենք, բարեփոխենք ընտրական օրենսգիրքը»,-նշել է նա։

Փաշինյանը նաև նշեց, որ փողոցային պայքարը չի ավարտվելու, քանի դեռ ժողովուրդը չի հասել իր նպատակին: Վաղը անհնազանդության գործողությունները կմեկնարկեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել