Փոփոխություններ են նախատեսվում մայրության նպաստից օգտվելու հարցում

Կառավարությունը վաղը՝ մարտի 6-ին կայանալիք նիստի ընթացքում կքննարկի «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Փաստաթղթի հիմնավորման մեջ նշվում է, որ մայրության նպաստը պետական նպաստների համակարգ է մուտք գործել 2013թ-ի դեկտեմբերի 12-ին ընդունված և 2014 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում և 2014թ-ի դեկտեմբերի 1-ին կատարված լրացմամբ: Նորամուծությունը ներկայացվեց որպես ՀՀ Սահմանադրությամբ և Օրենքով ամրագրված ծնելիության ու բազմազավակության խթանմանը և ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված պետական միջոցառում:

Պետական նպաստի տվյալ տեսակից օգտվելու հնարավորություն ընձեռվեց նաեւ չաշխատող կանանց:

Այդուհանդերձ, իրականում արվածն ընդամենը կես քայլ էր, քանի որ օրենքում, և հատկապես դրա՝ չաշխատող կանանց վերաբերյալ դրույթներում առկա են որոշ էական բացթողումներ եւ դիտարկվող նպաստի իրավունք ունեցող անձանց շրջանակը անտրամաբանական ու անարդարացի սահմանափակող պայմաններ, որոնք ստվերում են պետական նպաստի այս տեսակի նպատակային նշանակությունը: Այսպես՝

  1. Օրենքի 23.1-րդ եւ 23.2-րդ հոդվածներով, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N1179-Ն որոշմամբ հաստատված՝ «Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու եւ վճարելու կարգ»-ով (այսուհետ՝ «Կարգ») չաշխատող անձանց մայրության նպաստի իրավունքը պայմանավորող տարաբնույթ պարտադիր հիմքերի շարքում նախատեսում են նաեւ նրանց ՀՀ որևէ բնակավայրի հասցեով հաշվառված լինելը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծննդօգնության պետական հավաստագիր ունենալը:

Ընդ որում, Օրենքի 23.2-րդ հոդվածի 3-րդ կետում իմպերատիվ կարգով ամրագրված է, որ երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չի նշանակվում: Ճիշտ է, նույն կետով կառավարությանը վերապահված է տվյալ դրույթրից բացառություններ սահմանելու իրավունք, սակայն ՀՀ կառավարությունը բավարարվել է ընդամենը մեկ աննշան բացառությամբ՝ եթե հղի կինը նախածննդյան հսկողության վաղ հաշվառման է կանգնել մինչև հղիության 12 շաբաթական ժամկետը:

Այժմ մայրության նպաստ ստանալ չեն կարող այն չաշխատող կանայք, որոնք՝

ա) մշտապես կամ օրենքով սահմանված որոշակի տեւողությամբ փաստացի, սակայն առանց հաշվառման բնակվում են ՀՀ որևէ բնակավայրի հասցեում.

բ) հեռավոր գյուղական բնակավայրերում բնակվելու հետ կապված դժվարությունների, որոշ նահապետական ավանդույթների, անիրազեկության կամ տարաբնույթ այլ հանգամանքների բերումով չեն հաճախել համապատասխան բժշկական հաստատություններ և չեն ստացել ծննդօգնության հավաստագիր.

գ) հղիության ու ծննդաբերության ժամանակաշրջանում գտնվել են արտասահմանում (անգամ եթե Հայաստանից նրանց բացակայությունը եղել է իրավաչափ կամ ունեցել է այլ հարգելի պատճառներ), որի հետևանքով չեն ստացել ծննդօգնության հավաստագիր:

Գործող իրավակարգավորումից հետևում է, որ, կարծես թե, չաշխատող անձանց համար նախատեսված մայրության նպաստի բուն նպատակն է խթանել ոչ թե ծնելիությունն ու բազմազավակությունը, այլ որոշակի փաստաթղթեր ստանալն ու ներկայացնելը: Այնինչ, մայրության նպաստի նախատեսումը օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում ամրագրված ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակից բխեցնելու պարագայում գլխավոր իրավաբանական փաստ պետք է դիտվի երեխայի ծնունդը և կնոջ մայրանալը:

Հետևաբար, մայրության նպաստի նշանակման համար վճռորոշ հիմք պետք է լինի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենքին համապատասխան տրված երեխայի ծննդյան վկայականը, իսկ երեխայի վաղաժամ (այդ թվում մահացած) ծնվելու դեպքում՝ համապատասխան տեղեկանքը:

Վերը նշված տրամաբանությամբ ճիշտ չպետք է համարել նաև չաշխատող կանանց մայրության նպաստի նշանակումը անվերապահորեն նրանց՝ ՀՀ որևէ բնակավայրի հասցեում հաշվառված լինելու հանգամանքով պայմանավորելը: Այս պայմանը, թերևս, կիրառելի կարող է լինել միայն այն կատեգորիայի անձանց նկատմամբ, որոնց հաշվառված լինելը օրենքով պարտադիր է: Մնացած դեպքերում նպաստի նշանակման համար հիմք կարող է ծառայել նաեւ անձի փաստացի բնակության հասցեն, ուստի եթե անձը հաշվառում չունի, ապա կարող է ներկայացնել տեղեկանք իր փաստացի բնակության վայրից:

  1. Լիովին արդարացված համարելով ինչպես մայրության նպաստի, այնպես էլ երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքի դադարեցումն այն դեպքերում, երբ նպաստառուն սահմանված ժամկետում համապատասխան բանկին չի ներկայացնում միանվագ դրամական վճարների հաշվի պայւմանագրի հիման վրա բացված իր բանկային հաշվին մուտքագրված նպաստի գումարը դուրս գրելու կարգադրություն, գտնում ենք սակայն, որ զանազան թյուրիմացություններից զերծ մնալու համար, այդ պայմանը Օրենքով պետք է ապահոագրվի նպաստը նշանակած տարածքային կենտրոնի կողմից նպաստառուին՝ նպաստի նշանակման, վճարման ժամկետների եւ վճարող բանկի մասին պատշաճ ծանուցվելու (նպաստի նշանակման մասին որոշումն առձեռն հանձնելու կամ պատվիրված փոստով և հանձնման- ստացման ծանուցագրով առաքելու) պարտականությամբ:
  2. Օրենքում պետք է հստակորեն ամրագրվի իրավասու մարմնի կողմից պետական նպաստի նշանակումը մերժվելու դեպքում՝ մերժման վերաբերյալ որոշումը վարչական եւ դատական կարգով բողոքարկելու նպաստառուի (շահառուի) իրավունքը:
  3. Պետական բյուջեի միջոցների խնայողաբար ու նպատակացլաց օգտագործման շահերից, ինչպես նաեւ միջպետական հարաբերություններում հավասարության ու հակակշռելության սկզբունքներից ելնելով, անհրաժեշտ ենք համարում ղեկավարվել միջազգային իրավունքում տարածում ստացած փոխադարձության կանոնով, և ըստ այդմ, մայրության նպաստի իրավունքով օժտել Հայաստանի Հանրապետությունում գտնվող այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնց պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիներն օժտված նույնպիսի իրավունքով:

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել