Ի՞նչ լիազորություններ ունի դատարանը

Քրեական գործերի և նյութերի քննությունը դատարանն իրականացնում է կոլեգիալ կամ մեկ դատավորի կազմով: Այս մասին մանրագրված է քրեական դատավարությնա մասին օրենսգրքում:

Առաջին ատյանի դատարանում գործերը և նյութերը քննվում են դատավորի կողմից՝ միանձնյա:

Վերաքննիչ դատարանում գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, իսկ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բողոքները՝ միանձնյա:

Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ` վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի և առնվազն երեք դատավորի կազմով: Վճռաբեկ բողոքը համարվում է վարույթ ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել նիստին ներկա դատավորների մեծամասնությունը: Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները վճռաբեկ դատարանը քննում է կոլեգիալ` նախագահի և առնվազն երեք դատավորի կազմով:

Արդարադատություն իրականացնելիս դատավորներն անկախ են և ենթարկվում են միայն օրենքին:

Դատավորները քրեական գործերը և նյութերը լուծում են իրենց ներքին համոզմամբ` ներկայացված ապացույցների պատշաճ հետազոտման հիման վրա: Դատավորները կաշկանդված չեն գործի մինչդատական վարույթում արված եզրահանգումներով:

Արդարադատությունն իրականացվում է դատավորների նկատմամբ կողմնակի ներգործությունը բացառող պայմաններում:

Դատավորների նկատմամբ ապօրինի ներգործություն դրսևորելու, ինչպես նաև դատարանի կողմից քրեական դատավարության իրականացմանը այլ միջամտության համար մեղավոր անձինք կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Դատարանը լիազորված է իր նիստերում քննել և լուծել ստացված գործերը և նյութերը: Արդարադատություն իրականացնելուց հրաժարվելն անթույլատրելի է:

Դատարանի լիազորություններն են, մասնավորապես` որոշումներ կայացնել կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ խուզարկության, առգրավման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման, ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու, նոտարական գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման մասին, օրենքով նախատեսված դեպքերում քննել և լուծել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքները. գործը դատական քննության նախապատրաստելու հետ կապված որոշումների ընդունումը. քրեական գործերի քննությունն առաջին ատյանի, վերաքննության և վճռաբեկության կարգով. սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դատախազին դիմելը.

դատավճիռն ի կատար ածելու ուղարկելը.

դատավճիռն ի կատար ածելիս ծագող հարցեր լուծելը.

դատվածությունը հանելու հետ կապված հարցեր լուծելը.

oրենքով նախատեսված դեպքերում այլ հարցեր լուծելը:

Գործը քննող դատավորի որոշմամբ կարող է անցկացվել արտագնա դատական նիստ, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Իրենց իրավասության սահմաններում գործը միանձնյա քննող, դատական նիստի նախապատրաստման, դատավճռի կամ այլ որոշման կատարման ապահովման ուղղությամբ կարգադրիչ գործողություններ իրականացնող դատավորներն օժտված են դատարանի լիազորություններով:

Կոլեգիալ կազմով գործը քննելիս բոլոր դատավորներն օգտվում են հավասար իրավունքներից:

Քրեական գործը կամ նյութը դատավորների կոլեգիալ կազմով քննելիս նախագահում է դատարանի նախագահը կամ պալատի նախագահը կամ օրենքով նախատեսված կարգով` լիազորված դատավորը:

Նախագահողը նախապատրաստում և ղեկավարում է դատարանի նիստը, միջոցներ է ձեռնարկում ապահովելու քրեական գործի արդարացի քննությունը և պահպանելու սույն օրենսգրքի այլ պահանջներ, ինչպես նաև դատարանի նիստին ներկա գտնվող անձանց պատշաճ վարքագիծը:

Դատավորների կոլեգիալ կազմով գործը քննելիս նախագահողը գործի քննության և լուծման հետ կապված բոլոր հարցերը ներկայացնում է բոլոր դատավորների լուծմանը: Ընդունված է համարվում դատավորների մեծամասնության պաշտպանած որոշումը, իսկ եթե ձայները կիսվել են, ապա այն որոշումը, որն առավել բարենպաստ է մեղադրյալի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել