Սպանություն՝ խնջույքի ժամանակ

Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը, նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ Արտակ Հ.-ին մեղավոր է ճանաչել սպանություն կատարելու համար և դատապարտել է  12 /տասներկու/ տարվա ազատազրկման:

Ամբաստանյալից նաև կգանձվի 156.600 (հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր) ՀՀ դրամ՝ դատական ծախսերի համար ընդհանուր գումարը։

2016թ. սեպտեմբերի 18-ին, ժամը 23։30-ին «Արամյանց» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ ձախ կրծքավանդակի սուր կտրած-ծակած վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել Հարություն Գ.-ն, ով րոպեներ անց վերակենդանացման բաժանմունքում մահացել է։

Նախաքննության մարմնի 2016թ. սեպտեմբերի 20-ի որոշումներով Արտակ Հ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ և հայտարարվել է նրա հետախուզումը։
Նույն օրը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից որոշում է կայացվել Արտակ Հ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին։

2016թ. սեպտեմբերի 21-ին հետախուզման մեջ գտնվող Արտակ Հ.-ն ներկայացել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն, որտեղ կազմվել է «ինքնակամ ներկայանալու մասին» արձանագրություն։

Նույն օրը Արտակ Հ.-ն ներկայացվել է նախաքննության մարմնին և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հետևյալ արարքի համար, որ նա. «2016 թվականի սեպտեմբերի 18-ին` ժամը 23.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ձորափի 40 հասցեում գտնվող «Արամյանց» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության բակային հատվածում, Երևան քաղաքի Չկալովի փողոցի 44-րդ տան բնակիչ` 1974թ. ծնված Հարություն Գ.-ին ապօրինաբար դիտավորությամբ զրկել է կյանքից։

2016 թվականի սեպտեմբերի 18-ին` ժամը 21-ի սահմաններում, Արտակ Հ.-ն այցելել է Երևան քաղաքի Չկալովի փողոցի թիվ 43-րդ հասցե և մասնակցել է իր ծանոթ Վարդգես Դ.-ի կողմից որդու` Արթուր Դ.-ի ժամկետային զինվորական ծառայությունից կարճաժամկետ արձակուրդ վերադառնալու կապակցությամբ կազմակերպված խնջույքին։

Հիշյալ միջոցառման ընթացքում` ժամը 23-ի սահմաններում, Արտակ Հ.-ն և նույն խնջույքի մասնակից Հարություն Գ.-ն բնական կարիքները հոգալու նպատակով դուրս են եկել Վարդգես Դ.-ի տնից և փողոցն անցնելով գնացել են Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 40 հասցեում գործող «Արամյանց» բժշկական կենտրոնի բակային հատված, որտեղ Արտակ Հ.-ն կատակել է, ինչը Հարություն Գ.ին դուր չի եկել։ Այդ կապակցությամբ վերջիններիս միջև փոխադարձ քաշքշուկ և ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում Արտակ Հ.-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Հարություն Գ.-ի կրծքավանդակի ձախ հատվածին, պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի ծակած-կտրած թափանցող վիրավորում, ձախից` կողոսկրի մասնակի վնասում, սրտապարկի, սրտի ձախ փորոքի միջանցիկ վնասումներ, առաջ բերելով հեմոռագիկ և տրավմատիկ շոկ, և Հարություն Գ.-ին  ապօրինաբար դիտավորությամբ զրկել է կյանքից։

Արտակ Հ.-ին մեղսագրվում է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել