Նորություններ

ՀԿ-ների մասին նոր օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը ՊԵԿ-ն է. դասընթաց Աշտարակ քաղաքում

Իրավաբանների հայկական ասոցիացիան «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում շարունակում է «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի վերաբերյալ դասընթացների շարքը։
Հերթական դասընթացը տեղի ունեցավ Աշտարակ քաղաքում, ԻՀԱ ղեկավար Կարեն Զադոյանը ներկայացրեց նոր օրենքով կատարված փոփոխություններն ու առկա խնդիրները։
Հանդիպմանը ներկա էր ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ Մուշեղ Աբգարյանը և Աշտարակ համայնքի ղեկավարի տեղակալ Գևորգ Եղիազարյանը։ Դասընթացն անցկացվեց Աշտարակի քաղաքապետարանում։
Մուշեղ Աբգարյանը, հանդես գալով բացման խոսքով, կարևորեց քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը՝ հանրության իրազեկվածության բարձրացման ու հանրային խնդիրների լուծման տեսանկյունից։ Նա նշեց, որ ԻՀԱ-ի հետ ՏԻՄ-երը, մասնավորապես Արագածոտնի մարզի ինքնակառավարման մարմինները արդյունավետ գործունեություն են ծավալել, համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ, ինչի արդյունքում ներկայումս մարզում և Աշտարակ քաղաքում հասարակական կազմակերպությունները բավականին ակտիվ են։
Կարեն Զադոյանը հիշեցրեց, որ նախկինում ԻՀԱ-ն Աշտարակ քաղաքում նախկինում գործարկել է հակակոռուպցիոն կենտրոն, որը մեծ ազդեցություն է ունեցել համայնքային մակարդակում։
Այնուհետև պարոն Զադոյանը ներկայացրեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը՝ խոսելով թիրախներից և հետագա անելիքներից։
Անցնելով բուն թեմային, այսինքն՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքին, բանախոսը մեկ առ մեկ ներկայացրեց առկա նորամուծությունները՝ հատուկ անդրադարձ կատարելով նաև խնդիրներին։
Մասնավորապես Կարեն Զադոյանն անդրադարձավ ՀԿ-ների աուդիտին։ Նա տեղեկացրեց, որ հանրային միջոցները 5 մլն դրամի գերազանցելու պարագայում ՀԿ-ները պետք է արտաքին աուդիտի ենթարկվեն։ Խոսելով վերահսկողությունից՝ պարոն Զադոյանը հիշեցրեց, որ պետական լիազոր մարմինը փոխվել է․ նախկինում Արդատադատության նախարարությունն էր, ներկայումս՝ Պետական եկամուտների կոմիտեն․ «Խոսքը չի գնում ֆինանսական վերահսկողության մասին, այլ օրենքի դրույթների կատարման նկատմամբ կատարվող վերահսկողության։ Միգուցե չգիտեք՝ Արդարադատության նախարարությունն էլ է ստուգումներ իրականացնել ՀԿ-ներում, ամեն տարի կառավարության նման որոշում է եղել։ Չափորոշիչները սահմանված էին ու հիմնականում կապված էին կազմակերպությունների ռիսկայնության հետ»,- հայտնեց պարոն Զադոյանը։
Նոր օրենքը հնարավորություն է տալիս ՀԿ-ներին անմիջական կերպով զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, մինչ այս կազմակերպությունները նման աշխատանքներ իրականցրել են՝ սահմանափակ պատասխանատվության ընկերություններ ստեղծելով։ Չնայած փոփոխություններին, որոշ ՀԿ-ներ խուսափում են նորամուծությունից օգտվել․ նրանք հակված են ձևավորված պրակտիկային։ Այսպես են կարծում «Առաջընթաց» երիտասարդական ՀԿ-ում․ «Պլանավորել ենք, որ այս տարվանից պետք է զբաղվենք ձեռնարկատիրական գործունեությամբ։ Նոր օրենքը խթան հանդիսացել է, բայց ցանկանում ենք ստեղծել առանձին ձեռնարկատիրական կազմակերպություն, որով կխուսափենք որոշ քաշքշուկներից և անհարկի միջամտությունից ՀԿ-ի գործունեությունում»,- ասաց կազմակերպության ներկայացուցիչը։
Այս դասընթացները, որպես կանոն անցնում են բավականին մարդաշատ դահլիճներում, բոլոր մարզերում ՀԿ ներկայացուցիչները մեզ փոխանցում են, որ նոր օրենքի վերաբերյալ սպառիչ ու համապարփակ տեղեկություն են ստանում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, Աշտարակ քաղաքը նույնպես բացառություն չէ։ ՀԿ-ները խոստովանեցին, որ մինչ այս չեն կարողացել հստակ պատկերացում կազմել օրենքում առկա նրբությունների մասին, նրանցից ոմանք արդեն հայտեր են ներկայացրել ծրագրի կազմակերպիչներին, որպեսզի աջակցություն ստանան սեփական կազմակերպությունների կանոնադրությունների փոփոխման հարցում։
«Այսօր ներկայացվածից հասկացա, որ շատ բաներ կան, որ պետք է փոխվեն, մինչ այս այդ մասին չեմ մտածել»,- մեզ ասաց հաշմանդամների իրավունքներով զբաղվող «Ծիծեռնակ» ՀԿ-ի նախագահ Անժելա Հովհաննիսյանը։
Նշենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ` «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:
Գ․Թ․
Ա․Ս․

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել