Դատական կաշառքի գործով ամբաստանյալի վերջին խոսքը. «Այս աթոռին պետք է նստեր հենց դատախազը»

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կաշառքի գործ դատական վիճաբանությունների փուլն այսօր վերսկսվեց նկատողությունով:

Նախագահող դատավորի նկատողությունն ուղված էր նիստերի դահլիճում ներկա անձանց, որոնք դատավորին զուգահեռ զրուցում էին. «Մոռացե՞լ եք, որ այս դահլիճում պետք է ոչ ոք ձայն չհանի: Երևի շուտվանից իրար չեք տեսել»,- ասաց դատավորը, որից հետո աղմուկը դադարեց:

Ամբաստանյալը՝ արդեն պաշտոնաթող դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախկին օգնական Արմինե Կարապետյանը այսօր հանդես եկավ վերջին խոսքով՝ մեղադրելով այս գործի հետ առնչվող մեկ այլ գործով մեղադրող հանդես եկած դատախազ Ավետիս Ափյանին:

Նախ հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Արմինե Կարապետյանը նույն դատարանի վարույթում՝ նախկին դատավոր Վլադիմիր Գրիգորյանի կողմից քննվող քրեական գործով ամբաստանյալ Գարիկ Եսայանի նկատմամբ ազատազրկման հետ չկապված պատժատեսակը նշանակելու համար դատավորին կաշառք տալու պատրվակով` խաբեությամբ ամբաստանյալի մորից` Ալինա Հովհաննիսյանից, 2014թ.-ին պահանջել է 1500 ԱՄՆ դոլար, սակայն Ալինա Հովհաննիսյանը որևէ գումար չի տվել` պահանջված չափով գումար չունենալու պատճառով: Վերոնշյալ գործով դատախազը՝ Ավետիս Ափյանը, ամբաստանյալի՝ Գարիկ Եսայանի հանդեպ որպես պատիժ միջնորդել է նշանակել տուգանք՝ 500 հազար դրամի չափով, սակայն դատարանը՝ Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ վճռել է 2 տարվա ազատազրկման դատապարտել Եսայանին: Դատավճռի հրապարակումից հետո Ալինա Հովհաննիսյանը գոռացել է. «Կաշառքը չտվի, դրա համար դատեցիք էրեխուս»:

Արմինե Կարապետյանը այսօր շարունակեց պնդել, որ առաջադրված մեղադրանքը կեղծ է և շինծու. «Այս ամենի միակ մեղավորը, հեղինակը դատախազ Ափյանն է, որ օգտագործելով տուժողին՝ իմ դեմ գործ է հարուցել: Նա ակտիվ հեռախոսային կապի մեջ է եղել ամբաստանյալի մոր հետ: Ես չեմ հասկանում՝ տուժող Ալինա Ավետիսյանին սա ինչո՞ւ էր հարկավոր, ի՞նչ շահեց նա այս ամենից: Նրա որդին էր կատարել առանձնապես խոշոր չափերով խարդախություն»,- դատարանում հայտարարեց Արմինեն:

Ըստ ամբաստանյալի՝ մեղադրանք պետք է առաջադրվել այս դատախազին, ոչ թե իրեն. «Այս ամենի միակ տուժողը ես եմ, ես զրկվել եմ աշխատանքից, կրել եմ նյութական ու բարոյական մեծ վնաս: Այսօր այս ամբաստանյալի աթոռին պետք է լիներ հենց դատախազ Ափյանը»,- նշեց նա՝ դատարանին խնդրելով իրեն արդարացնել:

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու համար:

Լուսանկարում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյան

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել