Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դռնբաց դատական նիստում, քննվեց 46-ամյա Արմեն Վարդանյանի քրեական գործը: Ամբաստանյալը մեղադրվում է կեղծ թղթադրամ իրացնելու մեջ: Նա ձեռք է բերել 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքի գունավոր լազերային տպագրության եղանակով պատրաստված կեղծ թղթադրամ և դրանով վճարել է հյուրանոցային համարի և մատուցված ծառայությունների դիմաց:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի 1–ին մասով: Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալը իրեն մեղավոր է ճանաչել, ուստի դատարանը վճռել է դատական քննություն անցկացնել արագացված կարգով:
Արագացված կարգով իրականացված դատական քննության ընթացքում ուսումնասիրելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, հաշվի առնելով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելու փաստը, դատարանը` նախագահող Վարդան Գրիգորյանի գլխավորությամբ, գտնում է, որ ամբաստանյալը կատարել է հանցանք : Ըստ ապացույցների դատարանը վճռեց `Արմեն Վարդանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի 1–ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 3 /երեք/ տարի ժամկետով առանց գույքի բռնագրավման, որը պետք է կրի ՀՀ Արդարադատության նախարարության համապատասխան հիմնարկում:
Սակայն ամբաստանյալի պաշտպանը գործը բողոքարկել է վերաքննիչ դատարան` բեկանել և փոփոխել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Արմեն Վարդանյանին ազատազրկում 3 տարի ժամկետով դատավճիռը և կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ . այն է` կիրառել ՀՀ քր. օր-ի 70 հոդ. 1-ին կետը` կայացնել պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում և իր նկատմամբ սահմանել փորձաշրջան:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հ.Գ. Անունները փոխված են։
Լ. Մ.