Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրության 1-15-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը հանրային քննարկումների համար: Այն տեղադրված է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում : Համաձայն Սահմանադրության 10-րդ գլխի հոդված 190-ի սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները և լիազորությունները: Համաձայն դրա՝
Մարդու իրավունքների պաշտպանը անկախ պաշտոնատար անձ է, ով հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների վերականգնմանը, մարդու իրավունքներին ու ազատություններին առնչվող օրենսդրության կատարելագործմանը:
Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով կարող են վերապահվել լիազորություններ նաև այլ ոլորտներում մարդու իրավունքների ու ազատությունների պահպանման վերաբերյալ:
Մարդու իրավունքների պաշտպանն Ազգային ժողովին տարեկան զեկույց է ներկայացնում իր գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Զեկույցը կարող է առաջարկներ պարունակել օրենսդրական փոփոխությունների կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ:
Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, գործունեության կարգը և երաշխիքները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: