ՀՀ Կառավարության թիվ 319–Ն «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» 2010 թվականի մարտի 4–ի որոշմամբ կարգավորվում են պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) հետ կապված հարաբերությունները:
Այդ որոշման համաձայն` Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում`
1) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, մարզպետը, Երևանի քաղաքապետը (այսուհետ` լիազորված մարմին) ըստ ենթակայության նշանակում է հաստատության տնօրենի պաշտոնակատար, որը չի կարող լինել տվյալ հաստատության խորհրդի անդամ.
2) հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին:
Խորհուրդն առավելագույնը եռամսյա ժամկետում, հաշված տնօրենի թափուր պաշտոն առաջանալու օրվանից, կազմակերպում և անցկացնում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ:
Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են հայտարարության երկրորդ հրապարակման օրվանից` 30 օրվա ընթացքում: Մրցույթը նշանակվում է փաստաթղթերի ընդունման ավարտից հետո յոթերորդ աշխատանքային օրը:
Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) բարձրագույն կրթությունը.
3) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ).
5) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).
6) աշխատանքային գրքույկի պատճենը:
Մրցույթին հավակնորդը բանավոր ներկայացնում է տվյալ հաստատության զարգացման իր ծրագիրը: Խորհուրդն անցկացնում է հարցազրույց, որի ընթացքում հավակնորդին տրվում են հարցեր տվյալ հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրից:
Տնօրեն ընտրվում է փակ քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, որի հետ 10 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով: