Գրիշա Վիրաբյանը Երևանում է և կարող է նայել Երևանի ոստիկանապետի աչքերին ու ասել, որ իրեն խոշտանգողներից մեկն էլ հենց նա է եղել

Բելգիայում քաղաքական ապաստան ստացած ընդդիմադիր գործիչ Գրիշա Վիրաբյանը, ով ոստիկանության բաժանմունքում խոշտանգվել էր և հետագայում էլ այդ գործով ՄԻԵԴ-ում հաղթել Հայաստանին, ներկայումս Երևանում է: Գործի մանրամասների, իրեն խոշտանգումների ենթարկողների (Վիրաբյանի պնդմամբ` նրանց մեջ է եղել Երևանի ներկայիս ոստիկանապետը) ինչպեսև Բելգիայում քրեական պատմության մեջ ընկնելու մասին Իրավաբան.net-ը զրուցել է Գ. Վիրաբյանի հետ:

Հիշեցնենք, որ 2004  թվականին  Գրիշա  Վիրաբյանը`  որպես   ՀԺԿ  անդամ  և  Ստեփան  Դեմիրճյանի վստահված անձ, մասնակցել է ցույցերի, ինչի պատճառով նրան  ապրիլի  23-ին ոստիկանության Արտաշատի բաժին են կանչել: Այստեղ նրան խոշտանգել են, փորձել ինչ-որ ցուցմունքներ կորզել, ինչի հետևանքով նրան առողջական լուրջ վնաս է հասցվել:

2012 թվականի հոկտեմբերի 2-ին  Եվրադատարանի  կողմից  ընդունված  վճռով  հաստատվել է Գ. Վիրաբյանի հանդեպ  խոշտանգումներ  կատարելու,  ինչպեսև  նրա  անմեղության կանխավարկածի ու արդար դատաքննության իրավունքների խախտումը  և  որոշվել գործն ուղարկել վերաքննության:

ՀՀ-ը  պարտավորեցրել են Գ. Վիրաբյանին 31 հազար եվրոյի փոխահատուցում տալ` դատական ծախսերի և խախտված իրավունքների համար, ինչպեսև վերացնել իրավունքի խախտումը` ներպետական օրենսդրության համապատասխան: Եվ այժմ գործն ուղարկվել է նոր նախաքննության:

Պարոն Վիրաբյան, ինչպե՞ս ստացվեց, որ վերադարձաք Երևան:

-Գործի քննությունը պահանջում էր, քննիչը ծանուցում էր ուղարկել դատաբժշկական փորձաքննություն անցնելու համար, ես եկա` ենթարկվելով քննիչի պահանջին: Հատկապես, որ մի քանի ամիս առաջ ասել էի, որ ես պատրաստ եմ գալ, դեմ առ դեմ հանդիպել Աշոտ Կարապետյանին (Երևանի ոստիկանապետ), նայել աչքերին, որից ինքը խուսափում է, և ասել այն, ինչն ասել եմ 2004 թվականի ապրիլ-մայիս ամիսներին` գործի նախաքննության ընթացքում:

Ինչքա՞ն ժամանակ է, որ այստեղ եք, դատաբժշկական փորձաքննությունն արդեն ա՞նց է կացվել:

-Ես արդեն մի քանի օր է, որ այստեղ եմ, դատաբժշկական փորձաքննությունն անցել է, սակայն հետագայի մասին չեմ ուզում խոսել, քանի որ ստորագրություն եմ տվել` գործի նյութերը չհրապարակլու մասին: Բայց կարող եմ ասել այն, ինչն ասել եմ տարիներ շարունակ: Մեղավորները պետք է պատժվեն, ես հասնելու եմ արդար դատավճռի, ոչ մի զիջում չի լինելու: Ես անմեղ եմ եղել, ամեն ինչ եղել է քաղաքական դրդապատճառներով:

Այս ընթացքում հանդիպում եղե՞լ է Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ կամ գործի շրջանականերում առերեսում:

-Չէ, առերեսում չի եղել: Ես ինքս էլ  ոչինչ չեմ նախաձեռնել այդ ուղղությամբ, ոչ մեկի չեմ հանդիպել: Առաջին մարդը Դուք եք, որի հետ ես խոսում եմ այս գործի մասին: Ես չեմ նախաձեռնի, քննիչն ինչ ասի, պատրաստ եմ անել:

Ինչ խոսք, ես միշտ ասել եմ, որ ես այն մարդը չեմ, որ իմ թափված արյունը անմեղ մարդու վրա բարդեմ, ու ոչ մեղավոր մարդը պատժվի, ես կյանքում դա ինձ չեմ ների: Ես հետամուտ եմ լինելու, որ օրենքի սահմաններում ովքեր մեղավոր են, նրանք պատժվեն: Ու ինձ համար նշանակություն չունի, որ հիմա Աշոտ Կարապետյանը գեներալ է, Երևանի ոստիկանապետ է: Թող դրա մասին մտածեն իրեն այդ պաշտոնում նշանակողները, պետք է մտածեին, որ նրևա անունը շեշտված է Եվրադատարանի որոշման մեջ: Ես խնդիր չունեմ:

Ես հասկանում եմ, որ Ձեզ համար հեշտ չէ այդ ամենը հիշելը, այնուամենայնիվ, խնդրում եմ պատմել` դեպքն ինչպես է եղել, ովքեր էին Ձեզ խոշտանգողները:

-Ես ստորագրություն եմ տվել` չհրապարկել գործի նյութեր, բայց այն, ինչ ես կասեմ, դա բոլորին է հայտնի, գաղտնիք չէ, բազմիցս հրապարակվել է:

2004 թվականին ապօրինի զենք կրելու մեղադրանքով, իսկ իրականում բողոքի հավաքներին մասնակցելու պատճառով գործ է հարուցվել իմ դեմ: Ապրիլի 12-ի դեպքերից հետո և դրանից առաջ, մոտ երեք ամիս ինձ հետապնդում էին, ես խուսափում էի Արտաշատ գնալ (Գրիշա Վիրաբյանի տունը Արտաշատում է), իսկ ապրիլի 23-ին, հենց դռան մոտ ոստիկանները ոչ թե բերման ենթարկեցին, այլ խնդրեցին, որ գնամ ոստիկանություն և խոսեմ ոստիկանապետի` Սամվել Ռշտունու հետ:

Այդ  օրը լավ հիշում եմ: Կուսակցության անդամներով միշտ հավաքվում էինք «Կազիրոկ» սրճարանի մոտ: Այդ օրը հանդիպեցի քաղաքագետ Հմայակին Հովհաննիսյան, սուրճ խմեցինք, ընդհանուր բաների մասին խոսեցինք, ասացի` գնալու եմ տուն, խորհուրդ չտվեց: Բայց պիտի գնայի` գումար վերցնելու, ձեռքիս գումարը վերջացել էր: Ապրիլի 23-ի առավոտյան գնացի,  չեմ հասցրել տուն մտնել,  դռան առաջ ասացին, որ գնամ խոսեմ ոստիկանապետի հետ: Փախչելն էլ ամոթ էր, ինձ բոլորը ճանաչում էին:

Ես համաձայնվեցի գնալ, բայց չտարան ոստինակապետի մոտ, այլ տարան քրեականի բաժնի պետ Հովիկ Մովսիսյանի մոտ, նորմալ խոսակցություն տեղի ունեցավ:  Հետո նա դուրս եկավ գնաց փոխոստիկանապետ Արմեն Գաբուզյանի մոտ, քիչ հետո ինձ էլ տարան Գաբուզյանի մոտ:  Երբ ես կառավարությունում էի աշխատում (աշխատել է վարչապետի աշխատակազմում), նա մի քաղաքացուց շանտաժով գումար էր վերցրել, բենզին էր վերցրել, պահանջէլ էր, որ քաղաքացին վճարի: Ես հանդիպեցի ոստիկանապետին, հետ վերադարձվեց այդ գումարը:

Նա դա հիշեց: Գումարած այն, որ հրահանգ կար ինձ ձերբակալելու, առիթը օգտագործեց ու կազմակերպեց խոշտանգում: Երբ մտանք նրա աշխատասենյակ, ասաց, թե ինչու ես զազրախոսում միջանցքում, ես էլ ասացի, որ ես միջանցքում երբեք չեմ խոսել: Ասաց` հենց հիմա էլ զազրախոսում ես, հենց հիմա էլ գործ կազմեք: Երբ ինձ տարան այլ աշխատասենյակ, հերթով բոլոր ոստիկանները մտնում էին, ասում էին Գրիշա ջան, հրաժարվում ենք քո վրա զեկուցագիր գրել, որ քեզ 15 «սուտկա» չտան: Վերջապես երիտասարդ մի աշխատողի գտան, որ ստիպված էր գրել, որովհետև ինչ-որ մեկը պիտի գրեր, ասաց, թե ինձ դատարան չեն տանի, 10-15 «սուտկա» կտան, դատարան էլ չենք տանի, մեր աշխատասենյակում կմնաս, մեզ հետ ընդմիջումն էլ կանես, ուղղակի պարտականություն է, պիտի անենք:

Այդ  ընթացքում մի պահ դուրս եկավ, ներս մտավ քրեականի պետ Հովիկը, մեր հայհոյեց ու նստած վիճակում խփեց կողքիս: Երբ ասացի` ինձ չե՞ս ճանաչում,  ո՞նց ես քեզ պահում, մի հատ էլ դեմքիս խփեց: Այդ ընթացքում սեղանի վրա դրված բան կար, չեմ էլ նկատել, որ հեռախոսի լիցքավորման սարք էր: Վերցրեցի խփեցի: Դրանից հետո ինձ տարան մեկ այլ սենյակ, սկսեցին խոշտանգել, եկավ Աշոտ Կարապետյանը: Նա երկաթե բանալին մատների արանքում դրած նպատակային գոտկատեղից ներքև էր խփում: Չեմ ուզում շատ մանրամասնել:

Այդ ընթացքում երեք անգամ շատպօգնություն կանչեցին, ինձ զավազրկող են ներարկել, մեկ անգամ խմածությունս են իբր ստուգել, որից հետո նորից են ծեծել, երեկոյան դատախազությունից եկան, որ գործ հարուցեն իմ դեմ, բայց ես վատ էի, թողեցին հաջորդ օրվան: Լուսադեմին ես վատ եմ եղել ու ինձ տարել են հիվանդանոց ու վիրահատել:

Մի հանգամանք եմ ուզում շեշտել.  քրեական գործում նշվում է, որ ապրիլի 23-ին ժամը 17-ին անհայտ քաղաքացին ահազանգել է ոստիկանության հերթապահ մաս, որ Վիրաբյանը զենք է կրում: Անհայտ անձանց նամականերին ու հեռախոսազանգերին ընթացք չի տրվում: Սակայն կան փաստաթղթեր գործին ընթացք տալու, ինձ ձերբակալելու վերաբերյալ:  Բայց գործի քննության ընթացքում Շտապ բուժօգնությունից պահանջեցինք գրություն տալ, թե ինչ են ներարկել ինձ և որ ժամերին: Գրությունը, որն արտագրվել էր շտապօգնության մատյանից,  կցվեց գործին: Այնտեղ նշվում է, որ  ապրիլի 23-ին ժամը 11:20 կամ 11:40-ին առաջին անգամ են ինձ բուժօգնություն ցույց տվել, հետագայում նաև այլ ժամերի մինչև ժամը 17:05-ը:

Այսինքն, ստացվում է այսպես, որ այդ ամբողջ ժամանակ ես ոստիկանությում եմ եղել, ոստիկանությունում ինձ ցավազրկողներ են ներարկել, իսկ ժամը 17-ին ոստիկանապետը ինձ բերման ենթարկելու որոշում է մակագրում:

 -Եթե սխալ չեմ հիշում, ապօրինի զենք պահելու մասով գործը կարճվել է:

– Գործը կարճվել է, բայց ոչ իրավական հիմնավորմամբ: Նշվում է, որ ես կատարել եմ հանցագործություն, սակայն զրկանքներ կրելով քաղել եմ մեղքս: ՀՀ արդարադատությունը թող ցույց տա զրկանքների չափը. ո՞րն է զրկանքների չափը` լիտրն է, կիլոգրամն է: Ես կարող եմ գնալ բանկ թալանել, հետո մատս կտրել ու ասել, թե ինձ էլ մի բռնեք, ես զրկանքներ եմ կրել:

Ես միշտ պահանջում էի, որ կամ արդարացնեին ինձ կամ գործն ուղարկեին դատարան, որտեղ իմ անմեղությունը կապացուցվեր:  Բայց դա էլ չէին անում, որովհետև դատարանում կբացահայտվեր փաստաթղթերի այդ անհամապատասխանությունը:

Այժմ գործն ուղարկել է նոր նախաքննության, ընթացքից գո՞հ եք:

-Ես միայն դատաբժշակական փորձաքննություն եմ անցել: Տարբերություն զգում եմ: Այն ժամանակ մակերսորեն նայեցին, հիմա նախկին ջարդված տեղն էլ նայեցին, հարցրեցին` գանգատներ ունե՞մ, թե՞ ոչ: Բայց դեռ ոչինչ ասել չեմ կարող:

Հայաստանյան արդարադատության համակարգում դրական փոփոխություններ նկատու՞մ եք:  

-Չեմ կարծում, նույն կաշառքը կա, հովանավորչությունը կա, անարդար դատավճիռները կան:

Բայց ոստիկանությունում այդպե՞ս խոշտանգում են:

-Վերջին շրջանում Եվրադատարանի կողմից վճիռներ եղան Հայաստանի դեմ: Դա  որոշակի զգաստացնող հանգամանք է, բայց եթե խոսքը վերաբերվի իշխանությունը տալուն, իրենք ոչնչի առաջև չեն կանգնի, կխոշտանգեն էլ, կսպանեն էլ:

Մեր զրույցներից մեկի ժամանակ դուք դժգոհում էիք նաև Բելգիայի արդարադատության համակարգից:

-Իրենց օրենքներն ամենառեակիցոնն են Եվրոպայում: Նրանց մոտ քննարկվումներ են շատ լինում օրենքների հին լինելու վերաբերյալ, բայց նաև վախենում են ռեֆորմ անել, շատերը գործազուրկ կմնան այդ ռեֆորմների հետևանքով: Նրանց մոտ կարող են ոչ միայն փաստի հիման վրա եզրակացություն անել, այլև ենթադրության: Այնտեղ ռումինացիները հայտնի են մեքենաներ գողանալով: Եվ դեպք եղավ, երբ ռումինացի երիտասարդները դատվեցին գողության փորձի համար, քանի որ ուշադիր նայել էին մի նոր մեքենայի:

Կան քաղաքներ, որտեղ 100-ից ավել դատավորներ ու դատախազներ կան: Լճացած վիճակ է: Այնտեղ դատարանում ամբաստնյալը եթե մի քիչ շատ խոսի, կասեն, թե ագրեսիվ  է ու դա հիմք լինի ասելու, թե կարող է հանցագործություն կատարել:

Վերջերս մեղադրվում էիք մի հայ տղայի հանդեպ սպանության փորձի համար ու նույնիսկ վեց ամիս կալանավորված եք եղել: Դա ի՞նչ պատմություն էր:

-Ես այդ տղային շատ էի օգնել: Բայց նա իմ տնից երկու հեռախոս էր գողացել: Հանիպել էր հեղինակավոր անձանց, ասել, թե իբր ստիպում եմ իրեն ինձ հեռախոսներ տալ, բայց այդ մարդիկ ինձ զանգեցին, ասացին, որ հեռախոսները կբերի, կվերադարձնի: Իսկ ինքը այլ մարդկանց մոտ ինձ հայհոյել էր: Անցյալ տարվա նոյեմբերի 4-ի երեկոյան մի տղայի հետ եկել էին իմ տուն: Ես իրեն ասացի, թե ինչու՞ ես ինձ հայհոյել ու վիճաբանություն սկսվեց: Բայց ես իրեն ծեծել եմ: Նա իմ տանը 10-15 րոպե է մնացել, այդ ամենը հեռախոսզանգերի միջոցով ապացուցվել է, երեկոյան 8-ին հինգ պակաս եկել է, 8-ն անց 10 րոպեին դուրս է եկել, իսկ արդեն ժամը 10-ի կողմերը գնացել է հիվանդանոց, ասել, թե ես փորձել եմ սպանել իրեն:  Ու շեշտել էր, թե Հայաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչ է, իսկ Հայաստանի իշխանությունները ինձ վարձել են իրեն սպանելու համար:  Ավելի ուշ արդեն դատավորն անգամ ծիծաղում էր դրա վրա:

Նոյեմբերի 26-ին առավոտ շուտ խուզարկեցին իմ տունը, ոչինչ չգտան, ինձ տարան դատախազություն:  Ես կալանքի տակ էի մինչև նրա հանդեպ դատաբժշկական փորձաքննության արդյունքները ստացվեցին: Փորձագետներն ասել էին, որ նա կարող էր ինքնավնասման փորձ անել ու նաև նախկինում ինքնասպանության փորձ կատարել է:

Հետագայում արդեն տուգանքով ազատվեցի, որովհետև ես ծեծել էի նրան, դա երբեք չեմ թաքցրել:

Հարցազրույցը` Աստղիկ Կարապետյանի

Լուսանկարները` Գևորգ Թոսունյանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել