Պոլիկլիկլինիկայից 22 մլն դրամ գումար է հափշտակվել. ինչու՞ չեն կայանում գործով դատական նիստերը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է քննվում  Թիվ 17-րդ պոլիկլինիկայից  առանձնապես խոշոր չափերի հասնող գումարի հափշտակության գործը:

Ամբաստանյալի աթոռին են  «Թիվ 17-րդ պոլիկլինիկայի» 2 աշխատակիցներ և հաստատության տնօրենը: 37-ամյա Ասպրամ Եղիազարյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, աշխատելով Երևանի քաղաքապետարանի «Թիվ 17-րդ պոլիկլինիկա» ՍՊՓԲ ընկերությունում որպես գլխավոր հաշվապահ,  հափշտակել է 21.911.000 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, նույն պոլիկլինիկայի հաշվապահ-գանձապահ Սուսաննա Սարիբեկյանի հետ օժանդակել է ընկերության տնօրեն Գագիկ Սահակյանին`  յուրացնելու 3.951.900 ՀՀ դրամ , որի հետևանքով ընկերությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Չնայած այն հանգամանքին, որ այս գործով նշանակվել է երեք դատական նիստ,  նիստերից և ոչ մեկ չի կայացել:  Իրավաբան.net-ի հետ զրույցում ամբաստանյալ Ասպրամ Եղիազարյանի պաշտպան Գարիկ Գալիկյանը նշեց, որ նիստերից մեկը հետաձգվել է դատական նիստերի դահլիճ չլինելու պատճառով:

Փաստաբանի խոսքով` մյուս երկու նիստերն էլ հետաձգվել են, քանի որ խնդիրներ են եղել մյուս ամբաստանյալների հանրային պաշտպանների հետ կապված:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Զարուհի Մանուչարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել