Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է քննվում Թիվ 17-րդ պոլիկլինիկայից առանձնապես խոշոր չափերի հասնող գումարի հափշտակության գործը:
Ամբաստանյալի աթոռին են «Թիվ 17-րդ պոլիկլինիկայի» 2 աշխատակիցներ և հաստատության տնօրենը: 37-ամյա Ասպրամ Եղիազարյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, աշխատելով Երևանի քաղաքապետարանի «Թիվ 17-րդ պոլիկլինիկա» ՍՊՓԲ ընկերությունում որպես գլխավոր հաշվապահ, հափշտակել է 21.911.000 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, նույն պոլիկլինիկայի հաշվապահ-գանձապահ Սուսաննա Սարիբեկյանի հետ օժանդակել է ընկերության տնօրեն Գագիկ Սահակյանին` յուրացնելու 3.951.900 ՀՀ դրամ , որի հետևանքով ընկերությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Չնայած այն հանգամանքին, որ այս գործով նշանակվել է երեք դատական նիստ, նիստերից և ոչ մեկ չի կայացել: Իրավաբան.net-ի հետ զրույցում ամբաստանյալ Ասպրամ Եղիազարյանի պաշտպան Գարիկ Գալիկյանը նշեց, որ նիստերից մեկը հետաձգվել է դատական նիստերի դահլիճ չլինելու պատճառով:
Փաստաբանի խոսքով` մյուս երկու նիստերն էլ հետաձգվել են, քանի որ խնդիրներ են եղել մյուս ամբաստանյալների հանրային պաշտպանների հետ կապված:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Զարուհի Մանուչարյան