ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերլիազոր Արայիկ Ա.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել:
ՀՀ ոստիկանության աշխատակից Արայիկ Ա.-ն մեղադրվում է այն բանի համար, որ նա 2014 թվականի դեկտեմբերի 8-ին, տեղեկանալով գողության դեպքի մասին և դեպքի վայր ժամանելուց հետո անձամբ հավաստիանալով դրանում, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ` դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել կատարված հանցագործության վերաբերյալ տուժողից հաղորդում վերցնելու ուղղությամբ և թաքցրել է չբացահայտված հանցագործության դեպքը հաշվառումից:
Բացի այդ, այլ դեպքերով Արայիկ Ա.-ն կատարել է պաշտոնեական կեղծիքներ` իր ստորագրությամբ հավաստել է տարբեր քաղաքացիներից գույքի գաղտնի հափշտակության բազմաթիվ դեպքերի վայրերի զննության կեղծ արձանագրությունները:
Պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Արայիկ Ա.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: