Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետը կալանավորվեց. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության Նոր Նորքի քրեական հետախուզության բաժնի պետ Արմեն Ա.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել:

Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն` Արմեն Ա.-ն մեղադրվում է այն բանի համար, որ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ, տեղեկություն ստանալով, Հ.Ղ.-ի նկատմամբ 2013թ. փետրվարի 25-ին Տավուշի մարզի Աչաջուր գյուղում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով` հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարվելու մասին, ավելին՝ 2013թ. մարտ ամսվա սկզբներին վերջինիս տան բակում անձամբ տեսնելով Հ. Ղ.-ի ավտոմեքենայի վրա առկա հրազենային վնասվածքները, իսկ նրա հորից տեղեկանալով նշված ենթադրյալ հանցանքի կատարման մեջ համագյուղացու կողմից մասնակցություն ունենալու կասկածի մասին, իր կողմից սպասարկվող վարչական տարածքում չբացահայտված առանձանապես ծանր հանցագործությունների գծով բացասական ցուցանիշ չունենալու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չի կատարել ծառայողական պարտականությունները և պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:

Մասնավորապես՝ Արմեն Ա.-ն հանցագործության դեպքի մասին Կ.Ղ.-ի բանավոր հաղորդման վերաբերյալ արձանագրություն չի կազմել, հանցագործության մասին հաղորդումը չի գրանցել, հայտնաբերված հանցագործության մասին դատախազին և քննիչին անհապաղ տեղյակ չի պահել, չի զննել դեպքի վայրը և որևէ միջոց չի ձեռնարկել հանցագործության հետքերը, այլ նյութական օբյեկտները հայտնաբերելու ուղղությամբ, հազենային վնասվածքներով Հ.Ղ.-ի ավտոմեքենան համապատասխան փորձաքննության չի ուղարկել, առանձնապես ծանր հանցագործությունը և դա կատարող անձանց բացահայտելու նպատակով համապատասախան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ չի ձեռնարկել:

Այնուհետև, դարձյալ, հանցագործության դեպքը թաքցնելու անձնական դրդումից ելնելով, կազմել է պաշտենեական կեղծ փաստաթուղթ: Նա 2013թ. մարտ ամսվա սկզբներին Հ.Ղ.-ի տան բակում «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայի զննության ժամանակ հայտնաբերելով հրազենային վնասվածքներ, դրանք չի արձանագրել, այլ հետին ամսաթվով կազմել է արձանագրություն, որում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, թե, իբր, ավտոմեքենայի վրա հրազենային վնասվածքներ չկան և այն անվնաս է: Զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերը՝ իբրև հանցագործության դեպք տեղի չունենալու վերաբերյալ, կազմված եզրակացությամբ թողնվել է առանց հետևանք:

Պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Նոր Նորքի քրեական հետախուզության բաժնի պետ Արմեն Ա.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել