Հունիսի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվեցին նախորդ՝ ձմեռային զորակոչի արդյունքները և քննարկվեցին 2015 ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ըստ աղբյուրի՝ նիստին քննարկվել է նաև հայտնաբերված իրավախախտումներին ու հանցագործություններին, զինակոչիկների կցագրմանն ու հաշվառմանը, բժշկական հետազոտությանը, զորակոչից խուսափողների նկատմամբ պատժամիջոցների ու վարչական տույժերի կիրառմանը վերաբերող և զորակոչին առնչվող այլ հարցեր:
Ամփոփելով Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստի արդյունքները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փաստեց, որ կատարված հետևողական և բարեխիղճ աշխատանքների արդյունքում կոռուպցիոն դեպքերը շարունակական նվազել են, սակայն առկա են նաև թերացումներ: Ըստ այդմ՝ ամառային զորակոչի իրականացման միջոցառումներն էլ ավելի են խստացվելու:
Պաշտպանության նախարարը նաև նշեց, որ ընթացող բարեփոխումների համատեքստում, այդ թվում՝ զորակոչի շրջանակում ռազմավարական բնույթի լայն միջոցառումներ են իրականացվում, որոնց նպատակն է ամրապնդել բանակի և հասարակության միջև հաստատված սերտ կապը, ամրապնդել զինված ուժերի հանդեպ հասարակության վստահությունը, սկսած ընտանիքից ու դպրոցից նպաստել հայրենյաց պաշտպանի գաղափարապես ճիշտ դաստիարակմանը: