Նախորդ տարվա նոյեմբերի 1-ին ներդրվել է ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը: Սակայն այս ինստիտուտը չի վերաբերում բոլոր իրավունքների ոտնահարումներին. խոսքը միայն չորս տեսակի իրավահարաբերությունների մասին է` կյանքի իրավունք, խոշտանգումների արգելում, ազատության և անձնական կյանքի անձեռնմխելիություն և անարդարացի դատապարտում:
Հիշյալ չորս իրավահարաբերությունների դեպքում էլ ոչ նյութական վնասի դիմաց փոխահատուցման չափն էլ բավականին ցածր է սահմանված` առավելագույն չափը մեկ միլիոն դրամն է:
Իրավաբան.net-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր, իրավաբան Էդմոն Մարուքյանը նշեց, որ այս ինստիտուտը ներդրվել է Մարդու իրավունքների եվորապական դատարանի կողմից ընդունված որոշումների հիման վրա. «Կային կոնկրետ նախադեպային որոշումներ, որոնց կատարման համար հստակ ժամկետներ կային, Հայաստանը մոնիտորինգի տակ էր: Եվ Եվրակոնվենցիայի մի քանի հոդվածների մասով նախագիծն արագ բերվեց խորհրդարան և ընդունվեց»:
Է. Մարուքյանը նշեց նաև, որ ինքը օրենքում փոփոխություններ անելու նախագծի տեսքով կոնկրետ առաջարկություններ է ներկայացրել կառավարությանը` բարոյական վնասի հատուցման ինստիտուն ընդլայնելու ուղղությամբ, սակայն եթե կառավարությունը դրական եզրակացություն չտա, ապա այն չի ընդունվի:
Սակայն պատգամավորը նշում է, որ ինչպես մյուս դեպքերում, այս դեպքում էլ պետությունը դիրքերը զիջել չի սիրում և պետք է պայքարել: Միևնույն ժամանակ, նա նշում է, որ այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են և վաղ թե ուշ բարոյական վնասի փոխահատուցման համակարգը վերաբերելու է բոլոր իրավունքներին: