Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունման հարցի քննարկումն այսօր մեկնարկեց ԱԺ-ում:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղակալ Արեգ Գալստյանը փոխանցեց օրենքի ընդունումը կնպաստի ՀՀ-ում մեծածավալ ներդրումների իրականացմանը, էկոլոգիական խնդիրների լուծմանը, ինչպես նաև լրացուցիչ աշխատատեղեր կբացվի:
Նախատեսվում է իրականացնել ներդրումային ծրագիր, որը ենթադրում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի, հանքախույսերի վերամշակում՝ համապատասխան գործարանում. «Ողջիի և Փխրուտի պոչամբարները կոնսերվացված են, իսկ Արծվանիկը ամենախոշոր պոչամբարն է, այն մինչև 95 տոկոս արդեն լցված է, գործում է, տարեկան մոտավորապես 18 մլն խորանարդ մետր նյութ է լցվում և ծավալները մեծանում են: Այս ծրագրի շրջանակներում առաջին էտապում ենթադրվում է 330 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ անել և արդյունքում 12.5 մլն խմ պոչամբարներից նյութը վերցնել ու կառուցված գործարանում վերամշակել, ունենալ մի քանի տեսակի արտադրանքներ, այդ թվում՝ մետաղական խտանյութի տեսքով, և ոչ մետաղական, որոնք հնարավորություն են տալիս նաև կազմակերպել արտադրություններ այդ թվում կոմպոզիոցիոն նյութերի տեսքով»,- ասաց Արեգ Գալստյանը:
Ըստ նախագծի այդ գործառույթը պետք է իրականացնի «Ալյոտիգ» ՍՊԸ-ն: Նախատեսվում է նաև սահմանել հարկային արտոնություններ արտադրական լցակույտերը այս ընկերությանը փոխանցման գործարքների մասով, սակայն «Ալյոտիգ» ՍՊԸ-ն, վերամշակելով պոչամբարներում կուտակված արտադրական լրացակույտերը, պետական բյուջե կվճարի դրա արդյունքում ձևավորվող հարկվող օբյեկտներից հաշվարվող բոլոր հարկերը և վճարները:
Արեգ Գալստյանը փոխանցեց, որ այնուամենայնիվ թափոններ կառաջանան, սակայն դրանք բավականին փոքր քանակի են լինելու: Ծրագրի առաջին էտապը տևելու է 5 տարի:
Նախագծին կարող եք ծանոթնալ՝ այստեղ: