Երևանում օտարերկրյա համարանիշներով մեքենաներ անարգել խախտում են երթևեկության կանոնները. պատգամավոր

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստացել է բազմաթիվ ահազանգներ՝ մայրաքաղաքում և մարզերում արտասահմանյան համարանիշներով մեքենաների երթևեկության առնչությամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:

Նրա փոխանցմամբ՝ հատկապես Երևանում՝ օտար պետությունների ավտոպետհամարանիշներով մեքենաներ ակնհայտ խախտումներ են կատարում, վտանգում քաղաքացիների անվտանգությունը. «Առկա է մեքենաներ վարելու լկտի ավանդույթ: Արդյոք ուրիշ երկրներում գրանցված պետհամարանիշներով մեքենաները ինչ-որ տուգանքների ենթարկվում են ՀՀ-ում, նկարահանվո՞ւմ են նրանց մեքենաները, թե՞ այդ մարդիկ կարող են անարգել հանրապետությունում վարել իրենց մեքենան, վերջում առանց որևէ պատասխանատվության հեռանալ Հայաստանից»,- նշեց պատգամավորը:

Նա նաև համեմատական անցկացրեց. «ՀՀ քաղաքացիները, որոնք մեկնում են Վրաստան և տուգանվում, վերադառնալիս ստուգվում են անցակետում, նրանք ստիպված են լինում ահռելի գումարներ մուծել, բայց այլ երկրի պետհամարիշներով մեքենաներ անարգել շրջում են մեր քաղաքում: Սա նաև անվտանգության հարց է, ինչո՞ւ են շատացել, ովքե՞ր են շրջում, ինչ-որ տեղ ֆիքսված են, թե՞ ոչ, ու արդյոք այդ մեքենաների վարորդները կրում են պատասխանատվություն»,- հարց բարձրացրեց պարոն Բաբայանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել