Ի՞նչ անել, երբ Ձեր մեքենան լուրջ վնասվել է փոսի պատճառով

ԱՄՆ-ում ճանապարհները հարթ են ոչ թե նրա համար, որ պետությունն է որևէ աշխատանք կատարել այդ ուղղությամբ, այլ որովհետև քաղաքացիներն այնքան պահանջներ են ներկայացրել պետության դեմ, որ կառավարությունը ստիպված է եղել բոլոր խնդիրները լուծել: Նշում է փաստաբան Արամազդ Կիվիրյանն՝ անցում կատարելով մեր իրականություն.

«Մեզ մոտ այսպիսի իրավիճակ է՝ ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում, եթե Երևանից մարզ գնաք, ավտոմեքենան ամբողջությամբ ջարդուփշուր է լինում»,- նշում է փաստաբանը առաջարկելով վարորդներին վնասի փոխհատուցում պահանջել:
Փաստաբանը նշում է, որ մի գործ, երբ մեքենան ընկել է ջրով լցված փոսի մեջ, անիվը պայթել, իսկ ավտոմեքենան բախվել է պատին, հայցը ներկայացվել էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և նշյալ ճանապարհահատվածը սպասարկող ճանապարհների շահագործման և շինարարական (ՃՇՇ) ընկերության դեմ: Դատարանը պատասխանատվությունը դրել է ՃՇՇ-ի վրա. «Կարող է այդպիսի դեպք չլինի: Միգուցե անձի մեքենան վնասվի փոսերի հետևանքով, նա տեխնիկական ստուգման ենթարկի և պարզվի, որ խնդիրներ են ի հայտ եկել հենց փոսերի արդյունքում: Եթե նա կարողացավ ապացույցներ ստանալ, որոնք կհիմնավորեն պնդումը, որ հասցրված վնասը անմիջական պատճառահետևանքային կապի մեջ է մտնում ճանապարհային ծածկույթի վիճակից, ապա իրավական տեսանկյունից վարորդը միանշանակ կհաղթի»:

Այնպես որ՝ փաստաբանն առաջարկում է՝ այն դեպքերում, երբ մեքենան ընկել է փոսը և վարորդը վստահ է, որ այն վնասվել է, դադարեցնել ընթացքը արձանագրել վնասն ու պատճառ դարձած փոսերը լուսանկարել, հրավիրել ոստիկանության ներկայցուցչին՝ արձանագրություն կազմելու համար, իսկ ավտոտեխսպասարկման կենտրոնում ստուգելու դեպքում վերցնել համապատասխան փաստաթուղթ, որն էլ կապացուցի վնասի առկայություն: Իսկ այս գործողություններից հետո դիմել պատասխանատու մարմնին կամ հայց ներկայացնել դատարան:

Շեշտենք, որ Իրավաբան.net-ն այս խնդրին առավել հանգամանալից կանդրադառնա այս շաբաթ օրը՝ հունիսի 6-ին, 20:00-ին՝ «Իրավական շաբաթ» հաղորդաշարի շրջանակներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել