Ինչպես արդեն տեղեկացրել ենք` երեկ Պուշկին-Աբովյան փողոցների հատվածում ծանր վիճակում իրարից մի քանի մետր հեռավորության վրա երեք երիտասարդներ են պառկած եղել, նրանց շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են հիվանդանոցներ:
Նրանցից մեկին երեկ տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ երիտասարդը` 21-ամյա Ռազմիկը թունավորվել էր անհայտ ծագմամբ թմրանյութի օգտագործման արդյունքում: Նույն պատասխանը ստացանք նաև Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել էին երիտասարդներից երկուսը: Կենտրոնից դժվարացան հայտնել երիտասարդների անուններն ու տարիքը, սակայն նույն պատասխանը տվեցին` թունավորում անհայտ ծագում ունեցող թմրամիջոցի օգտագործման հետևանքով:
Երիտասարդներն այսօր առավոտյան դուրս են գրվել հիվանդանոցներից:
Այն հանգամանքը, որ երիտասարդների օրգանիզմում հայտնաբերվել է անհայտ ծագմամբ թմրամիջոց, բժիշկ Անահիտ Սահակյանը բացատրեց հետևյալ կերպ. «Ըստ էության երկու հիվանդանոցների լաբարատորիաներում էլ նմանաբնույթ թմրանյութի մասին տեղեկատվություն չի եղել, ոչ էլ երբևէ նման ախտորոշմամբ հիվանդներ բերվել են այդ բժշկական կենտրոններ: Ես չեմ կարող ասել, թե ինչ թմրանյութի մասին կարող է խոսք գնալ, բայց նույն հիվանդանոցներում, ամենայն հավանականությամբ, որոշ ժամանակ անց պարզ կդառնա դրանց իսկությունը»:
Կարդացեք նաև` «Շուտ նարկոցենտր տարեք». Պուշկինի փողոցում երեք հոգի անզգայացած պառկած էին