Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դեմ հայց է ներկայացվել դատարան` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը վերադարձնելու պահանջով: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Ի սկզբանե հայցվոր Մարինե Խաչատրյանը դիմել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով պատասխանողի ապօրինի տիրապետումից վերադարձնել սեփականության իրավունքով իրեն պատկանող` Կամացու Դ-355 բուլդոզերը: Սակայն դատարանը, դատավոր Արմենուհի Բադիրյանի նախագահությամբ, մերժել է հայցադիմումը վարույթ ընդունել` պատճառաբանելով, որ խախտվել է ընդդատության կարգը:
Մ. Խաչատրյանը նույն պահանջով դիմել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որն էլ վարույթ է ընդունել հայցը և փետրվարի 26-ին հայցի քննությունը մակագրվել է դատավոր Ալեքսեյ Սուքոյանին:
Ի դեպ, հայցվոր կողմը միջնորդել է հայցի ապահովման միջոց կիրառել, և դատարանը բավարարել է միջնորդությունը` արգելելով պատասխանողին որոշaկի գործողություններ կատարել:
Այս գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակված է օգոստոսի 5-ին:
Նշենք նաև, որ Մարգար Օհանյանը 2012-ին 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել` պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով պետական գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար: Իսկ 2013թվականի հոկտեմբերի 8-ին համաներմամբ ազատ էր արձակվել: