ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի դեմ դատարան հայց է ներկայացվել

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դեմ հայց է ներկայացվել դատարան` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը վերադարձնելու պահանջով: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Ի սկզբանե հայցվոր Մարինե Խաչատրյանը դիմել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով   պատասխանողի ապօրինի տիրապետումից վերադարձնել  սեփականության իրավունքով իրեն պատկանող` Կամացու Դ-355 բուլդոզերը: Սակայն դատարանը, դատավոր Արմենուհի Բադիրյանի նախագահությամբ, մերժել է հայցադիմումը վարույթ ընդունել` պատճառաբանելով, որ խախտվել է ընդդատության կարգը:

Մ. Խաչատրյանը նույն պահանջով դիմել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որն էլ վարույթ է ընդունել հայցը և փետրվարի 26-ին հայցի քննությունը մակագրվել է դատավոր Ալեքսեյ Սուքոյանին:

Ի դեպ, հայցվոր կողմը միջնորդել է հայցի ապահովման միջոց կիրառել, և դատարանը բավարարել է միջնորդությունը` արգելելով պատասխանողին որոշaկի գործողություններ կատարել:

Այս գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակված է օգոստոսի 5-ին:

Նշենք նաև, որ Մարգար Օհանյանը 2012-ին 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել` պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով պետական գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար: Իսկ 2013թվականի հոկտեմբերի 8-ին համաներմամբ ազատ էր արձակվել:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել