Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Օրի Ա.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Օրի Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ 2014 թվականի հոկտեմբերի 25-ին ժամը 14:30-ի սահմաններում Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 34 հասցեում գործող «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում գտնվող «Զառա» հագուստի խանութից վերցրել է 1 հատ 94.000 ՀՀ դրամ արժողությամբ սև գույնի վերարկու, այն գցել է իր ձեռքին, մոտեցել կախված տաբատներին և դրանց արանքում գաղտնի ջարդել վերարկուի անվտանգության կոճակը` փորձելով այն գողանալ, սակայն հանցանքը ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքերում, քանի որ նկատվելով խանութի աշխատակիցների կողմից վերարկուն թողել է կախիչի վրա և փորձել է դիմել փախուստի, սակայն բռնվել է խանութի անվտանգության աշխատակիցների կողմից:
Օրի Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի և 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ըստ որի՝
«Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով» (հոդված 34):
«Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնիուղղ. հափշտակությունը` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով (հոդված 177, մաս 1):
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց լուսանկարները և անունները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: