Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին շուրջօրյա հսկողություն է կատարվում

Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհին (Մ-8, Վանաձոր (Մ-6  հատման կետ)-Դիլիջան)՝ Ֆիոլետովո գյուղի մոտ,  hոկտեմբերի 3-ին,  տեղի էր ունեցել  քարաթափում։  Փլուզվել էր ճանապարհի վերին շեպը մոտ 400 խմ ՝ փակելով ճանապարհի երթևեկելի հատվածը։ Այս մասին հաղորդել էր նաև Իրավաբան.net-ը: «Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից ամբողջ գիշեր իրականացրած օպերատիվ աշխատանքի շնորհիվ՝ լուսադեմին ճանապարհն արդեն մաքրվել էր քարերից և ամբողջությամբ երթևեկելի էր։

Սակայն փլուզման վտանգը վերացված չէ։ ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը հաղորդում է, որ իրավիճակը ուսումնասիրելու, վտանգը վերացնելու, նոր քարաթափման հնարավորությունը կանխելու, միջպետական ճանապարհին անվտանգ երթևեկություն ապահովելու համար ճանապարհի վտանգված հատվածում էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մասնագետները, ԱԻՆ փրկարար ծառայության, ոստիկանության պատասխանատուներ, ոլորտի այլ մասնագետներ։

«Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերության  ղեկավար Արայիկ Վարդանյանը տեղեկացրեց, որ Ճանշինի աշխատակիցների կողմից սահմանված է հերթապահություն, ճանապարհն, ըստ անհրաժեշտության, անընդմեջ մաքրվում է՝ ապահովելով տրանսպորտային միջոցների ազատ երթևեկը։

Տեղի ունեցած համատեղ քննարկման ընթացքում առաջարկվեցին խնդրի ժամանակավոր, ինչպես նաև վերջնական լուծման տարբերակներ։

Լանջի թեքությունն ապահովելու, ճանապարհի այս հատվածում հետագա քարաթափումներից խուսափելու համար անհրաժեշտ է կատարել պայթեցման աշխատանքներ։ Իսկ մինչ այդ՝ ճանապարհը կլինի ճանապարհաշինարարների հսկողության ներքո։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութը՝ mtc.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել