Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նշում է 160-րդ հոբելյանական թատերաշրջանի բացումը

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել հոբելյանական 160-րդ թատերաշրջանի պաշտոնական բացման արարողությունը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Այս մասին Iravaban.net տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջից։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է թատրոնի անձնակազմին հոբելյանական 160-ամյակի առիթով և նշել. «Վստահ եմ, որ թատրոնն առաջիկա տասնամյակներին շարունակելու է այն հրաշալի պատմությունը, որն այսօր բոլորիս հավաքել է այստեղ: 160 տարվա պատմությունը կերտել են բազմաթիվ մեծանուն արվեստագետներ, որոնց գնահատանքի արժանի ենք», — ասված է հայտարարության մեջ։

Նախարարի խոսքով՝ Գյումրու թատրոնը առավել դինամիկ զարգացող թատրոններից է, որի ներկայացումները հետաքրքիր են ոչ միայն Գյումրու, այլ նաև տարածաշրջանի այլ բնակավայրերի համար։ Ավելին, թատրոնի պայմանները բարելավվում են՝ պետության աջակցությամբ տեղադրվում է ամբողջությամբ նոր լուսային և ձայնային համակարգ, ինչը նոր հնարավորություններ կընձեռի թատրոնի զարգացման համար։

Որպես տարիների նվիրյալ աշխատանքի գնահատանք՝ նախարարը պարգևատրել է մի շարք թատրոնի ներկայացուցիչների. ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են դերասաններ Սամվել Գրիգորյանը և Նառա Սանթոյանը, ԿԳՄՍ նախարարության մեդալներով՝ Հովհաննես Հովհաննիսյանը, Հասմիկ Վիրաբյանը և Արսեն Սաղաթելյանը, իսկ մի շարք այլ աշխատակիցներ ստացել են պատվոգրեր ու շնորհակալագրեր։

Թատրոնի հոբելյանական առիթով ցուցադրվել են տարբեր տարիների լավագույն ներկայացումների զգեստներն ու արխիվային լուսանկարները, ինչպես նաև տեղի է ունեցել «160 ակնթարթ» ֆոտոալբոմի շնորհանդեսը: Մեծ դահլիճում կայացել է «Արտիստիկ համերգ» շոու-ծրագիրը՝ «Ֆոլկաստիկ» բենդի և թատրոնի արտիստների մասնակցությամբ։

Լուսանկարը՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն կայք էջից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել