Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ՀՀ-ում նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրմանն ուղղված ընթացիկ աշխատանքների վերաբերյալ։
Քննարկմանը մասնակցել են ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, ինչպես նաև IDEMIA Identity Security France և A.C.I. Technology S.à.r.l. ֆրանսիական կոնսորցիումի կողմից հիմնադրված «ՀայՓաս» ՓԲԸ աշխատանքային խումբը՝ գործադիր տնօրեն Ռեջիս Բուշյեի գլխավորությամբ։
Նախարար Արփինե Սարգսյանը հաստատել է նույնականացման քարտի վերջնական տեսքը՝ ներառյալ ֆոնային գեղարվեստական լուծումները, անվտանգային բաղադրիչները և տվյալների դաշտերը։ Ողջ աշխատանքը կատարվել է համապատասխան ICAO ստանդարտով։
«ՊիկսԱրտ» ընկերության մասնագետները, որոնք խորհրդատվություն են տրամադրում անձնագրերի ձևավորման գործընթացում, ներկայացրել են վիզաների էջերի վիզուալների տարբեր կոնցեպտուալ մոտեցումներ։ Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ-ից։
«ՀայՓասի» գործընկերները ներկայացրել են ինչպես ընթացիկ, այնպես էլ արդեն իսկ արված աշխատանքները, մասնավորապես.
- քննարկվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գլխամասային գրասենյակի շինարարական աշխատանքների ընթացքը․ նույն շենքում տեղակայվելու է նաև մասնավոր գործընկերոջ աշխատակազմը, տվյալների կենտրոնը, իրականացվելու է անհատականացման և տպագրական աշխատանք,
- անդրադարձ է կատարվել տարածքային գրասենյակների աշխարհագրական ցանցին և արդիականացման ծրագրերին։ Ըստ նախատեսված ծրագրի՝ Երևանում քաղաքացիների համար մատչելի և բանուկ հատվածներում հիմնված երկու ընդարձակ գրասենյակները հագեցած կլինեն մոդեռն տեխնիկայով՝ կենսական տվյալների հավաքագրման «բոլորը մեկում» ինքնասպասարկման սարքերով, կահավորված սպասասրահներով և միջազգային ստանդարտի գրասենյակային այլ պայմաններով,
- ևս 21-22 գրասենյակներ կբացվեն մարզերում՝ նույնանման կահավորանքով և վերազինմամբ։ Ներկայացված լուծումները կներդրվեն նաև ՄՔԾ գրասենյակներում,
- ներկայացվել են փաստաթղթերի անվտանգային և տեխնոլոգիական լուծումները,
- ընդգծվել է ոլորտը կարգավորող իրավական դաշտում համապատասխան փոփոխությունների իրականացման հրատապությունը։
Իրականացվող միջոցառումները միտված են կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ոլորտում ժամանակակից, անվտանգ և քաղաքացիների համար նոր որակի ծառայությունների մատուցմանը։
 
                        
 
                                                    

 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                