Դատավորներ Նաիրա Հովսեփյանի, Գնել Գասպարյանի և Անուշավան Մուշեղյանի անուն-ազգանունները ժամանակավորապես հանվել են գործերի բաշխման ցանկից

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը որոշում է ստորագրել, ըստ որի նախատեսվում է՝

  1. Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2025 թվականի հոկտեմբերի 15-ից 2026 թվականի ապրիլի 15-ը ներառյալ:
  2.   Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գնել Գասպարյանի անուն-ազգանունը, բացառությամբ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթների, հանել գործերի բաշխման համակարգչային ծրագրի ցանկից՝ 2025 թվականի հոկտեմբերի 15-ից 2025 թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ:
  3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Անուշավան Մուշեղյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2025 թվականի հոկտեմբերի 15-ից 2025 թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ:

Որոշման համար հիմք է հանդիսացել  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի  2-րդ մասը։ Դատավորի վարույթում առանձնակի բարդության գործի առկայության դեպքում դատավորը կարող է դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ առաջարկելով իր անուն-ազգանունը ժամանակավորապես հանել բաշխման ցանկից կամ սահմանել իրեն բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ: Դատավորի դիմումը հիմնավոր համարելու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում դատավորի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու կամ նրան բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ նախատեսելու վերաբերյալ՝ դրա համար սահմանելով որոշակի ժամանակահատված, որը չի կարող գերազանցել վեց ամիսը: Դատավորի դիմումի հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը կարող է որոշում կայացնել վեց ամիս ժամկետը երկարաձգելու մասին, եթե առանձնակի բարդության գործի քննությունը չի ավարտվել:

Iravaban.net-ը տեղեկանում է Բարձրագույն դատական խորհրդից։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել